Բալային համակարգը հակասում է Սահմանադրությանը․ ընդդիմությունն առաջարկում է վերացնել բալային համակարգը

Ազգային ժողովում քննարկվում է «Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ առաջին ընթերցմամբ։

Խմբակցությունն առաջարկում է վերացնել ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ կատարելու դեպքում բալերի տեսքով տուգանքը։

Գեղամ Մանուկյանը նշեց, որ հիմնական ելակետն այն է, որ ոչ թե վիճարկվում է բալային համակարգով տուգանքների արդյունավետությունը, ոչ՝ տուգանքների բարձր կամ ցածր լինելը, այլ այն, որ նախագծի ներկայացման հիմնական դրդապատճառը Սահմանադրությունն է, քանի որ այն հակասում է Սահմանադրությանը։

«Սահմանադրության 68-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ոչ ոք չի կարող կրկին դատվել նույն արարքի համար։ Իսկ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում բալային համակարգի ներդրման արդյունքում ՀՀ վարորդ-քաղաքացիները ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար ենթարկվում են դրամական տուգանքի և միաժամանակ նույն արարքի համար ենթարկվում են մեկ այլ տույժի, որի համաձայն բալերից են զրկվում տարվա ընթացքում, իսկ վերջում դառնում է 9 բալ ու քաղաքացին զրկվում է մեքենա վարելու իրավունքից։

Այստեղ է, որ քաղաքացու իրավունքը խախտվում է»,-ասաց պատգամավորը։

Գեղամ Մանուկյանի խոսքով՝ անկարգապահ վարորդներին խիստ պատասխանատվության ենթարկելու համար, ինչպես դրված է բալային համակարգի ներդրման հիմնավորման մեջ, կան փաստեր, թվեր․ 2017 թվականին ՀՀ ճանապարգներին ճանապարհատրանսպորտային պատահարների արդյունքում, ցավոք սրտի, մահացել են 279 քաղաքացի, 2017 թվական, երբ բալային համակարգ չկար։ 2018 թվականին 343 քաղաքացի է մահացել, 2019 թվականին՝ 341, հետո ներդրվեց բալային համակարգը, 2021 թվականին մահացել է 368 քաղաքացի։

«Բալային համակարգի ներդրման պայմաններում ՀՀ ճանապարհներին շատ ավելի քաղաքացիներ են զոհվել, ցավոք սրտի։ Այս օրենքի նախագծի ևս մեկ կարևոր տարր կա, խոսքը քաղաքական տարրի մասին է։ Այսօրվա իշխանությունը 2018-ին իշխանության եկավ մի քանի թեզերով՝ արագաչափերը շատ են, տեսախցիկները շատ են, դրանք պետք է վերանան։ Արագաչափերը 3-4 տարվա ընթացքում ոչ թե վերացան, այլ՝ շատացա, տեսախցիկները ոչ թե պակասեցին, այլ՝ ավելացան, վերջապես այն թեզը, որ կառավարությունում հնչես դեռ 2018 թվականին, որ քաղաքացին տուգանքի մատերիալ չէ, նաև այդ բալային համակարգի ներդրմամբ դարձավ շատ ավելի տուգանքի մատերիալ, որին և՛ տուգանում են, և՛ բալերից զրկելով հետո զրկում են մեքենա վարելու իրավունքից»,-ասաց նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել