Կրթության ոլորտում, բովանդակային փոփոխությանը զուգահեռ, ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ տարվող աշխատանքը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը:
Այդ առումով, մինչև 2026 թվականը նախատեսել են կառուցել, հիմնանորոգել կամ վերանորոգել առնվազն 300 դպրոց և 500 մանկապարտեզ Հայաստանի ամբողջ տարածքում։
Դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման այս ծրագիրն իրականացնում է Տարածքային զարգացման հիմնադրամը՝ ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև կնքված վարկային պայմանագրի հիման վրա։
«Արդյունքում, մինչև 2024 թվականը Հայաստանում կկառուցենք կամ կամրացնենք առնվազն 46 դպրոց՝ շուրջ 20 հազար աշակերտի համար ապահովելով անվտանգ կրթական պայմաններ: Ծրագրի շրջանակում արդեն ունենք արդյունքներ, ավարտվել են 7 դպրոցի վերակառուցման աշխատանքները, շենքերը հանձնվել են շահագործման, իսկ այս տարի նախատեսում ենք ավարտել ևս 8 դպրոցի կառուցման աշխատանքները։ Այս պահին շինարարություն է ընթանում 20 դպրոցներում»,-նշել է Համբարձում Մաթևոսյանը։