Երևանը 10 նոր տրոլեյբուս կունենա

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ անդրադառնալով մայրաքաղաքի ընդհանուր մաքրության խնդրին՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նկատել է, որ եթե այսօր համայնքը տեխնիկապես լուծել է աղբահանության հարցը, ապա սանիտարական մաքրման վիճակը գոհացուցիչ չէ: Հանձնարարվել է քաղաքի փողոցների մաքրությամբ զբաղվող շուրջ 300 աշխատակիցների թիվն ավելացնել ևս 200-ով:

Մայրաքաղաքի տրանսպորտային համակարգի բարեփոխումների շրջանակում կարդիականացվի նաև «Էլեկտրատրանսպորտ» ընկերության շարժակազմը: Համայնքը նախատեսում է ձեռք բերել 10 նոր տրոլեյբուս: Քաղաքապետ Սարգսյանին զեկուցվել է, որ նոր շարժակազմի ձեռքբերման համար առաջիկայում կհայտարարվի մրցույթ:

Առաջիկա 10 օրերի ընթացքում ևս երկու՝ թիվ 28 և 35 երթուղիները կսկսեն սպասարկվել «Zhong Tong» մակնիշի նոր ավտոբուսներով: Վարորդների հավաքագրման փուլն ավարտված է: 28 համարի երթուղին, ի դեպ, փոքր-ինչ կփոփոխվի և ուղիղ կապ կլինի դեպի մետրոյի «Բարեկամություն» կայարան։

Երևանյան կանգառասրահները պետք է արդիականացվեն. քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, իր դժգոհությունը հայտնելով կանգառասրահների ներկա վիճակից, ընդգծել է, որ ծրագիրը պետք է իրականացվի փուլ առ փուլ վարչական շրջաններով, որպեսզի խնդրին համալիր լուծում տրվի: Հանձնարարել է մինչ ծրագրի իրականացումը հետևողական աշխատանք տանել նախ դրանց տարածքները մաքուր պահելու ուղղությամբ:

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարին հանձնարարվել է քայլեր ձեռնարկել Դավիթ Անհաղթի զբոսայգին համայնքին վերադարձնելու և վարձակալի հետ պայմանագիրը լուծարելու ուղղությամբ: Հանգստի գոտին արդեն մի քանի տարի է, ինչ գտնվում է անմխիթար վիճակում:
«Վարձակալի հետ պայմանագրի լուծարումն ինձ համար ինքնանպատակ չէ: Մեր համաքաղաքացիներին ամենևին էլ չի հետաքրքրում, թե այգին ում է պատկանում: Նրանց համար ամենակարևորը հանգստի գոտում նորմալ միջավայրի ապահովումն է»,- ընդգծել է քաղաքապետը:

Շտապօգնության և ԱԻՆ-ի մեքենաների համար բակային տարածքներում երբեմն խնդիրներ են ստեղծում տեղադրված էլեկտրոնային արգելափակոցները: Քաղաքապետը վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է գույքագրում իրականացնել և քայլեր ձեռնարկել այնպիսի համակարգ ներդնելու ուղղությամբ, որը հասանելի կլինի երկու կառույցներին:

Երևանյան փողոցներում հաճախակի են դարձել վճարային տերմինալների տեղադրման դեպքերը: Առևտրի և ծառայությունների վարչությանը հանձնարարվել է հետևողական քայլեր ձեռնարկել դրանք ապամոնտաժելու և խնդրին իրավական կարգավորում տալու ուղղությամբ:

«Քաղաքում ինչ-որ վճարային տերմինալներ են հայտնվում, որոնք տեղադրում են ոչ միայն նոր կազմակերպությունները, այլև գործող կազմակերպությունները՝ այն էլ նոր վայրերում: Այդպես չի լինում, որ քաղաքում ով ինչ ցանկանա անի: Դա անարդարություն է. նոր կազմակերպություններին թույլ չենք տալիս, հները ինչ ցանկանում, անում են: Գործող կազմակերպության կողմից դրված նոր տերմինալները պետք է վերանան, մինչև մենք իրավական կարգավորում ունենանք այս դաշտում»,- շեշտել է Հրաչյա Սարգսյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել