Բոլորին ցույց են տալիս, որ կպատժեն այն դատավորներին, որոնք չեն ենթարկվում և ինքնուրույն են որոշում կայացնում. Բորիս Բախշիյանի փաստաբան

Բարձրագույն դատական խորհրդում այդքան իրավաբան-գիտնականներով հավաքված են, տեսեք՝ ինչ խայտառակ որոշում են գրել, այնպիսի փաստեր են գրել, որ նույնիսկ հիմնավորում չկա։ Այս մասին այսօր՝ փետրվարի 3-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի փաստաբան Երեմ Սարգսյանը։

«Գործ ունենք իրավապահ համակարգի կազմաքանդման, օրինականության կազմաքանդման, դատավորների համատարած ճնշումների հետ։ Այն դատավորը, որը չի ենթարկվում և ինքնուրույն է որոշում կայացնում, բոլորին ցույց են տալիս, որ կպատժեն, նույնիսկ քրեական գործեր կհարուցեն, կկասեցնեն դատավորների լիազորությունները: Մենք գործ ունենք կոնկրետ դատավորի գործունեության միջամտության հետ, այսինքն՝ դատավորը որոշում է կայացրել՝ գործի փաստերի հիման վրա, դա Դատախազության կողմից չի բողոքարկվել Վերաքննիչ դատարան, հիմա դատախազն ու քննիչը դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտը, որը կասկածի տակ դնելու իրավունք չունեն, ասում են՝ բավարար չի, որ ապօրինի է»,- ասաց փաստաբանը:

Նրա խոսքով՝ դատավորի օրինական ուժի մեջ մտած դատական ակտի վերաբերյալ կարծիք հայտնելու համար կա Վերաքննիչ դատարան, որն օրինականությունը և հիմնավորվածությունը պետք է ստուգի, դրա հիման վրա էլ՝ նոր, եթե կլինեին խախտումներ, դրանից հետո կարող էին մտածել ինչ-որ պրոցեսների մասին։

Նշենք, որ այս պահին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում, դատավոր Դավիթ Արղամանյանի նախագահությամբ քննվում է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել