Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները շարունակում են քննարկումները նախագահի թեկնածու առաջադրել կամ չառաջադրելու հարցի շուրջ:
«Որոշման մասին դեռ չեմ կարող ասել, բայց քննարկումները շարունակվում են և նախագահի թեկնածու առաջադրման կամ չառաջադրման վերաբերյալ որոշման մասին պատշաճ ժամկետներում տեղյակ կպահենք»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
Հարցին` թե արդյոք այդ հարցի շուրջ քննարկումներ եղել են «Պատիվ ունեմ» խմբակցության հետ, Մանուկյանը պատասխանեց, որ պաշտոնական քննարկումներ դեռ չեն եղել:
«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը ասաց, որ խմբակցությունը չունի բավարար պատգամավորների թիվ միայնակ նախագահի թեկնածու առաջադրելու համար, բայց այս պահին իրենք խորհրդակցություններ են անցկացնում «Հայաստան» խմբակցության հետ:
«Արդյունքների մասին անպայման կտեղեկացնենք»,- ասաց Մամիջանյանը:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նախագահի պաշտոնում կառաջադրի Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը: Ներկայումս Ալեն Սիմոնյանը ստանձնել է Հանրապետության նախագահի լիազորությունները: