Ադրբեջանում պահվող գերիները ԿԽՄԿ ներկայացուցիչների միջոցով կապ են հաստատել իրենց հարազատների հետ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները հերթական անգամ հանդիպել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին։

Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնեց ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

«Հունվար ամսին հերթական տեսակցությունն է եղել բոլոր այն գերեվարված անձանց հետ, որոնց գերի լինելու փաստը հաստատվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից: Նրանց թվում են ինչպես 2020 թվականի պատերազմի, այնպես էլ 2021 թվականի նոյեմբերին տեղի ունեցած հարձակման հետևանքով գերեվարվածները»,- ասաց նա։

Հարցին, թե կոմիտեի ներկայացուցիչները քանիսին են կարողացել տեսնել, Զառա Ամատունին պատասխանեց, որ գերեվարված անձանց թվի, ինչպես նաև նրանց առողջական վիճակի և պահման պայմանների մասին ոչինչ չի կարող հայտնել:

Նա նաև նշեց, որ տեսակցությունների շրջանակում գերիներին հնարավորություն է տրվել կապի տարբեր միջոցներով իրենց հարազատների հետ կապ հաստատել:

«Գերիների հարազատները կոմիտեի ներկայացուցիչների միջոցով նախապես Հայաստանից նամակներ ու տեսաուղերձներ են փոխանցել գերիներին, իսկ նրանք Ադրբեջանից պատասխան նամակներ ու տեսաուղերձներ բերել Հայաստան»,- նշեց նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել