Խնդիրների մեծ մասը քաղաքական ղեկավարության ապիկարության հետևանք են. Արթուր Վանեցյանի ուղերձը՝ առաջնագծից

«Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը ուղերձ է հղել հայոց բանակի կազմավորման 30-ամյակի առթիվ, որում ասվում է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր մենք նշում ենք Հայոց բանակի կազմավորման 30-ամյակը:

Ոչ վաղ անցյալում մեզ համար այն համազգային մեծ տոն էր: Հայոց բանակը, նրա յուրաքանչյուր ծառայող իրավամբ մեծ դերակատարում է ունեցել Հայոց պետականության կերտման և պաշտպանության գործում:

Այս օրը ևս մեկ առիթ է հիշելու, գնահատելու և խոնարհվելու այն հազարավոր հայորդիների առաջ, ովքեր իրենց կյանքն են տվել մեր հայրենիքի պաշտպանության համար, ովքեր բավականին բարդ ու դժվարին պայմաններում ծառայել են և ծառայում են մեր հայրենիքին:

Ցավոք, արդեն երկու տարի է այս տոնը մեզ համար փոքր-ինչ մթագնել է. բանակը գտնվում է դժվարին կացության մեջ, իսկ երկրի առաջ ահռելի անվտանգային մարտահրավերներ են ծառացած:

Սակայն ուզում եմ՝ բոլորս հստակ գիտակցենք, որ խնդիրների մեծ մասը քաղաքական են, դրանք քաղաքական ղեկավարության ապիկարության հետևանք են: Մեր բանակի, մեր զինվորի ոգին նույնն է, նրանք պատրաստ են նույն նվիրումով պաշտպանելու մեր հայրենիքը:

Մեր բանակն, այո՛, այսօր վիրավոր է, սակայն այն կա և, վստահ եմ, դառնալու է ավելի ուժեղ, ավելի մարտունակ:

Առաջիկա տարիների պետական կառավարումը պետք է իրականացվի՝ «Ամեն ինչ զինվորի համար, ամեն ինչ բանակի համար» կարգախոսով: Հակառակ դեպքում մենք այս տարածաշրջանում որպես պետություն, որպես ինքնուրույն սուբյեկտ ուղղակի այլևս ասելիք չենք ունենա: Ուստի, յուրաքանչյուրիս խնդիրն է անել հնարավոր ամեն բան բանակը վերակառուցելու, այն ավելի ուժեղ դարձնելու համար:

Հայոց բանակը վայելել է և պետք է շարունակի վայելել մեր ժողովրդի անվերապահ աջակցությունը և վստահությունը:

Ես հավատում եմ մեր բանակի վաղվա օրվան, հավատում եմ հայ զինվորականի խիզախ ոգուն, հավատում եմ, որ մենք առաջիկայում ևս մեր բանակով հպարտանալու բազմաթիվ առիթներ եք ունենալու:

Շնորհավոր տոնդ Հայոց բանակ,
Շնորհավոր տոնդ հայ զինվոր,
Շնորհավոր բոլորիս տոնը…

Հ.Գ. Այս խորհրդանշական օրը մեկնել էինք առաջնագիծ մեր մշտական հավատարմությունը և սատարումը վերահաստատելու մեր զինվորականներին և Հայոց բանակին»,- գրել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել