Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր՝ հունվարի 28-ին, լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ գազի սակագնի հնարավոր թանկացմանը, նշելով՝ անապահովների համար գազի սակագինը չի թանկանա:
«Այդ հնարավորությունը կա, քանի որ ես ասել եմ, որ սահմանին գազի գինը չի փոխվելու 2022 թվականի համար: Ուղղակի մենք ունենք մի իրավիճակ, որ դեռևս 2013 թվականին կնքված պայմանագրով կար բանաձև, որի կիրառումն սկսվում է 2022 թվականին, սահմանին գազի գինը հաշվվում է կալորիականությունով»,-ասաց նա:
Փոխվարչապետի խոսքով՝ գազի սակագինը կազմավորվում է մի քանի բաղադրիչներից, որոնցից մեկը և կարևորը՝ սահմանի գինն է և կալորիականության հնարավոր ծախսն այնքան մեծ չի, որպեսզի դա հնարավոր չլինի հարթել մնացած սակագնային պլանի մեջ:
«Իսկ բիզնեսի համար կթանկանա, թե ոչ, սպասենք Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի քննարկումների արդյունքում, ինչ սակագնային պլան կնշմարվի, այդ ժամանակ կխոսենք, բայց ես կարծում եմ, որ այնքան մեծ է սահմանին գազի գնի և աշխարհում գազի գնի տարբերությունը, որ կարծում է պետք է մրցակցային որևէ շոկ չլինի հայկական արտադրողի համար: Այնուամենայնիվ, գազի գնից կախված են, ոչ միայն մեր արտադրողները, այլ նաև մեր տարածաշրջանի արտադրողները՝ գազ սպառող արտադրողները: Բոլորի համար գազի գինը թանկացել է և կան երկրներ, որտեղ թանկացել է անհամեմատ ավելի շատ, քան Հայաստանի հնարավոր թանկացումները կլինեն»,-նշեց նա: