Ճապոնիայի կառավարության հաստատած դրամաշնորհային նախագծով ՀՀ առողջապահության նախարարության «Ռ.Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնը» կհամալրվի նոր սարքավորումով, ինչը կնպաստի կենտրոնում արյան քաղցկեղի ճշգրիտ ախտորոշման և դիտարկման հնարավորությունների բարելավմանը։
Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից:
Առողջապահության նախարարությունում տեղի է ունեցել հայկական և ճապոնական կողմերի միջև պայմանագրի կնքման հանդիսավոր արարողությունը, ելույթներով են հանդես եկել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Ճապոնիայի դեսպան Մասանորի Ֆուկուշիման և Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը։
Անահիտ Ավանեսյանն իր ելույթում շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի կառավարությանը օժանդակության համար․«Ուռուցքաբանական հիվանդությունների ախտորոշման և բուժման կատարելագործումը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առաջնահերթություններից մեկն է, և մենք բարձր ենք գնահատում ճապոնացի գործընկերների աջակցությունը` որպես երկարամյա և արդյունավետ համագործակցության ևս մեկ օրինակ»,-նշել է նախարարը:
Ճապոնիայի դեսպան Մասանորի Ֆուկուշիման իր հերթին նշել է․«Մենք լիահույս ենք, որ այս ծրագրով կնպաստենք Հայաստանի առողջապահական ոլորտի զարգացմանն ու մարդկանց կյանքի որակի բարելավմանը»,-նշել է Մասանորի Ֆուկուշիման։
Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանն ավելացրել է, որ պայմանագրով ձեռք կբերվի հոսքային ցիկլեր, ինչը կնպաստի պացիենտների ճշգրիտ ախտորոշմանն ու բուժման արդյունավետ կազմակերպմանը։
Նշենք, որ դրամաշնորհային նախագիծը կիրականացվի «Grassroots Human Security Project (GGP)» ծրագրի շրջանակներում։
Պայմանագրերի կնքման արարողությանը հաջորդել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Հայաստանում Ճապոնիայի դեսպան Մասանորի Ֆուկուշիմայի հանդիպումը։ Քննարկվել են ընթացիկ ծրագրերն ու երկկողմ համագործակցության նոր հեռանկարները։