Արմեն Հ.-ն 2018 թվականի օգոստոսից 2019 թվականի հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում, իր հիմնադրած ֆինանսական և վարկային կազմակերպություն չհանդիսացող ընկերության անունից համացանցում գրանցած էջերի միջոցով տարածել է շահավետ պայմաններով վարկեր տրամադրելու վերաբերյալ հայտարարություններ: Նշված հայտարարությունները տեսնելով, վարկեր ստանալու ցանկություն հայտնած որոշ քաղաքացիներ դիմել և հրավիրվել են Արմեն Հ.-ին պատկանող ընկերություն: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։
Գործը դատարան է ստացվել 2021 թվականի դեկտեմբերի 20-ին և մակագրվել է Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանին:
Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:
Արմեն Հ.-ն ընկերության մյուս աշխատակիցների հետ քաղաքացիներին խոստացել է վերջիններիս անվամբ ապառիկ եղանակով ապրանքեր ձեռք բերել, դրանք վաճառել և գումարը տրամադրել իրենց՝ 20-35 տոկոս միջնորդավճարի դիմաց:
Որոշ քաղաքացիների համաձայնությունը ստանալով, Արմեն Հ.-ն նրանց ուղեկցել է տարբեր առևտրային կազմակերպություններ, որտեղ քաղաքացիները գնել են վերջինիս նախընտրած ապրանքները՝ ձևակերպելով տարաժամկետ վճարման պայմանագրեր: Արմեն Հ.-ն քաղաքացիների գնած ապրանքները վաճառելու և գումարը նրանց տրամադրելու փոխարեն հափշտակել է ամողջ գույքը:
Արմեն Հ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասին 1-ին կետով (Խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով):
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել՝ ստորագրությունը չհեռանալու մասին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: