Հունվարի 25-ին Արդարադատության ակադեմիայում անցկացվեց Ակադեմիայի կառավարման խորհրդի 2022 թվականի առաջին նիստը: Ներկա էին Խորհրդի նախագահ Գևորգ Բաղդասարյանը, անդամներ Արման Թովմասյանը, Անդրանիկ Մնացականյանը, Լիլիթ Սարգսյանը, Արմեն Մարուխյանը, Եղիազար Ավագյանը, ինչպես նաև Ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը:
Այս մասին տեղեկանում ենք Արդարադատության ակադեմիայից:
Ի թիվս այլ հարցերի՝ նիստի օրակարգում ընդգրկված էր Ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահի ընտրության հարցը: Խորհրդի նախագահի պաշտոնում առաջադրվեց ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Արման Թովմասյանի թեկնածությունը, ով փակ գաղտնի քվեարկությամբ ընտրվեց՝ մեկ տարի պաշտոնավարման ժամկետով:
«Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքով` Ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահն ընտրվում է Խորհրդի կազմից՝ նրա անդամների ձայների մեծամասնությամբ, դատախազ և դատավոր անդամների միջև ռոտացիոն սկզբունքով:
Նիստի ընթացքում խորհուրդը քննարկեց և ի գիտություն ընդունեց Ակադեմիայի 2021թ. գործունեության մասին հաշվետվությունը, ինչպես նաև հաստատեց 2022թ. եկամուտների և ծախսերի նախահաշիվը:
Ռեկտորի ներկայացումից և խորհրդի քննարկումից հետո հաստատվեցին նաև 2022 թվականի մասնագիտական պատրաստման ուսուցման ծրագրերը՝ Մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործեր և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններ քննող դատավորների թեկնածուների հավակնորդների, նաև դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց: