Արմինե Ֆանյանն այսուհետ կաշխատի Փաստաբանական դպրոցում՝ ուսումնական դեպարտամենտի ղեկավարի պաշտոնում

Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի տեղակալ, փաստաբան Արմինե Ֆանյանը հայտարարությամբ է հանդես եկել, որում ասվում է․

«Երեկ Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի տեղակալի հաստիքում աշխատանքային վերջին օրս էր:

Հանրային պաշտպանի գրասենյակին եմ նվիրել իմ կյանքի յոթ տարիները, որոնք լի էին հարուստ փորձով, պրոֆեսիոնալ մարդկանց հետ մասնագիտական հետաքրքիր քննարկումներով և հիանալի կոլեկտիվի հետ անցկացրած շատ գեղեցիկ հիշողություններով:

Հանրային պաշտպանի գրասենյակը մասնագիտական այնպիսի դարբնոց է, որը ստիպում է շարունակ վեր բարձրանալ պրոֆեսիոնալիզմի սանդուղքով և նա, ով անցել է այդ ճանապարհը մասնագիտական ոլորտում տեսել և հաղթահարել է գրեթե ամեն ինչ:

Շնորհակալություն եմ հայտնում Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Գևորգ Մկրտչյանին արդյունավետ և պրոֆեսիոնալ համատեղ աշխատանքի համար, ղեկավարի առաջին տեղակալ Լուսինե Սարգսյանին ուղղակի անխափան և արդյունավետ համատեղ աշխատանքի համար, բոլոր հանրային պաշտպաններին համատեղ անցած անմոռանալի ճանապարհի համար, ամբողջ աշխատակազմին՝ ուղղակի ժամացույցի ճշգրտությամբ աշխատելու համար: Անչափ կկարոտեմ բոլորիդ սիրելիներս:

Իմ գործընկեր Թամարա Բաղդասարյանին շնորհավորում եմ տեղակալի պաշտոնը զբաղեցնելու առիթով և մաղթում բեղմնավոր աշխատանք:

Աշխատանքս շարունակելու եմ ՀՀ փաստաբանական դպրոցում՝ ուսումնական դեպարտամենտի ղեկավարի պաշտոնում, փորձելու եմ իմ լուման ներդնել դպրոցն էլ ավելի զարգացնելու գործում և իհարկե, ակտիվ զբաղվելու եմ իմ տարերքը հանդիսացող՝ փաստաբանական գործունեությամբ:

Ամեն բան դեռ առջևում է…»,- գրել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել