Կառլեն Գ.-ն և Աղվանի Ե.-ն 2020թ. ապրիլի 23-ին ավտոմեքենայով գնացել են Վարդենիս քաղաք, Ա. Սարգսյանին պատկանող տուն, մոտեցել են ավտոտնակին, ապա ապօրինի մուտք են գործել տանը կից ավտոտնակ, այնտեղ Կառլեն Գ.-ն ցույց է տվել մեղրով լի տարաներ և ասել է, որ այդ տարաները պետք է տեղափոխեն իր ավտոմեքենա:
Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:
Գործը դատարան է ստացվել 2021 թվականի նոյեմբերի 26-ին և մակագրվել է Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Հարությունյանին:
Նշվում է, որ նրանց հետ եղել է մեկ այլ անձ, ով հրաժարվել է հանցագործություն կատարելուց և վերադարձել ու նստել է ավտոմեքենայի մեջ:
Իսկ Կառլեն Գ.-ն և Աղվանի Ե.-ն մեղրով լի տարաները տեղափոխել են և տեղավորել Կառլեն Գ.-ին պատկանող մեքենայի մեջ:
Նրանց արարքը Ա. Սարգսյանին պատճառել է խոշոր չափի՝ ընդհանուր 540.000 դրամի վնաս:
Նույն օրը Կառլեն Գ.-ն մեկ այլ տան նկուղից գաղտնի հափշտակել է տարբեր տեսակի պահածոներ՝ պատճառելով 10.000 դրամի գույքային վնաս:
Բացի այդ, մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ Աղվանի Ե.-ն ապօրինի կերպով խոշոր չափերով թմրամիջոցներ է վերամշակել և պահել:
Կառլեն Գ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (Գողությունը, որը կատարվել է զգալի չափերով), 177 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի (Գողությունը, որը կատարվել է խոշոր չափերով), 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի (պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով), 34-177 3-րդ մասին 1.1 կետի (բնակարան ապօրինի մուտք գործել փորձելը) հատկանիշներով:
Աղվանի Ե.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասի (Առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը), 273-րդ հոդվածի 2-րդ մասին 3-րդ կետի (շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելը կամ աճեցնելը` խոշոր չափերով) 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետ (Առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը՝ խոշոր չափերով), 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1,2,3 կետերի (Գողությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, խոշոր չափերով, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով) 268-րդ հոդվածի 3-րդ մասի (Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի՝նույն արարքները, որոնք կատարվել են առանձնապես խոշոր չափերով) հատկանիշներով:
Կառլեն Գ.-ի և Աղվանի Ե.-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռնալու մասին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: