Գլխավոր դատախազությունը նախագահ Արմեն Սարգսյանի՝ մինչև նախագահ դառնալը այլ երկրի քաղաքացի լինելու մասին «Հետքի» հրապարակումն ուղարկել է Ազգային անվտանգության ծառայություն: Այս մասին հայտնում է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
«Հրապարակումն ԱԱԾ է փոխանցվել՝ նկատի ունենալով, որ Սարգսյանի երկքաղաքացիության փաստը թաքցնելու դեպքի առթիվ դեռևս 2021 թվականի ապրիլին հարուցվել է քրեական գործ՝ փաստաթղթեր կեղծելու հատկանիշներով: Հրապարակումը հենց այս գործի շրջանակում կդառնա ստուգման առարկա»,-նշել է նա:
Հիշեցնենք, որ «Հետք» պարբերականը, հղում անելով Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության լուսաբանման նախագծին, երեկ հետաքննություն էր հրապարակել, որի համաձայն՝ Արմեն Սարգսյանը Հայաստանի քաղաքացի լինելուց բացի, նաև այլ երկրի քաղաքացի էր առնվազն մինչև նախագահ դառնալը:
Ըստ կայքի՝ Սարգսյանը Կարիբյան ծովում գտնվող փոքր երկրի՝ Սենթ Քիթս և Նևիսի քաղաքացի է եղել:
«Հետքի» տեղեկության համաձայն՝ նախագահն ուներ Սենթ Քիթս և Նևիսի անձնագիր, ինչը հաստատվել է Սարգսյանի հետ նամակագրության ընթացքում: Սահմանադրության համաձայն՝ Հանրապետության նախագահին ներկայացվող պահանջներից է վերջին վեց տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելն ու վերջին վեց տարում Հայաստանում մշտապես բնակվելը: