Հաշվարկներն արդեն արված են․ ուսուցչի 400 հազար դրամ աշխատավարձը կարող է իրողություն դառնալ․ փոխնախարար

Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել է խորհրդարանական լսումներ նախորդ տարվա դեկտեմբերին առաջին ընթերցմամբ ընդունված «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխությունների վերաբերյալ: Լսումներին մասնակցել են հանրակրթության ոլորտի, փորձագիտական և քաղհասարակության շուրջ 130 ներկայացուցիչներ:

Հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը տեղեկացրել է, որ խորհրդարանական լսումները նպատակ ունեն ավելի առարկայական քննարկելու դպրոցում առկա խնդիրները և կազմակերպվել են ԱԺ ընդդիմադիր պատգամավորների առաջարկով:

Հիմնական զեկուցող, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի խոսքով` ուսուցչի մասնագիտության հանդեպ հետաքրքրությունը բարձրացնելու նպատակով պետք է փոխվի ուսուցչի դրույքաչափը, ինչը նախատեսված է առաջարկվող օրենսդրական փոփոխությամբ. «Դրույքաչափի փոփոխությունը պետք է լինի էական։ Խոսքը 10, 20, 30 հազար դրամի մասին չէ։ Եթե այս պահին 108 հազար 800 դրամ է դրույքաչափը, պետք է քննարկենք այն 200 հազար դրամ դարձնելու հնարավորությունը։ Ուսուցիչը, անցնելով կամավոր ատեստավորման համակարգով, կարող է ստանալ մինչև 50 տոկոս հավելավճար, որը կկիրառվի այս դրույքաչափի նկատմամբ:

Ուսուցիչը նաև կունենա հնարավորություն ստանալու տարակարգ և կրկնապատկելու աշխատավարձը։ Սա նշանակում է, որ օրենքի ընդունման պարագայում մենք գնալու ենք ատեստավորման կարգի նման փոփոխությունների. հաշվարկներն արդեն արված են, որ մենք կարողանանք ուսուցչի 400 հազար դրամ աշխատավարձը դարձնել մի իրողություն, որը կարող է հասանելի լինել մեր ուսուցիչների զգալի մասին, տարեցտարի՝ նաև բոլորին»։

Նշելով, որ ‹‹Հանրակրթության մասին›› օրենքի փոփոխությունները 4 հիմնական ուղղությամբ են իրականացվում` հանրակրթության բովանդակություն, ուսուցիչների մասնագիտական զարգացում և կատարելագործում, համընդհանուր ներառականություն, կառավարման արդյունավետության բարձրացում, նախարարի տեղակալը խոսել է առաջարկվող հիմնական լուծումների մասին:

Ժաննա Անդրեասյանը նշել է, որ ‹‹Հանրակրթության մասին›› օրենքի փոփոխության նպատակը հանրակրթության համակարգի փոփոխությունն է, որը սոսկ օրենքի փոփոխությամբ չի կարող իրագործվել: Համակարգի փոփոխությունը հնարավոր կլինի միայն այն դեպքում, երբ կփոխվեն և կներդաշնակեցվեն բոլոր բաղադրիչները: Ըստ այդմ, ինչպես բանախոսն է նշել, փոխվում են նաև դպրոցի ֆինանսավորման ձևը, ուսուցչին ներկայացվող պահանջները, վերապատրաստման և ատեստավորման պահանջները, փիլիսոփայություն է դրվում տնօրենին վերապահված գործառույթներում:

Խորհրդարանական լսումների մասնակիցները հարցեր են ուղղել հիմնական զեկուցողին, հանդես են եկել ելույթներով` հնչեցնելով կարծիքներ և առաջարկներ քննարկվող օրինագծի վերաբերյալ:

«Ես գիտեմ, որ մենք համակարգում ունենք մարդիկ, որոնց համար մեր երեխաների կրթությունն ամենակարևորն է, և որոնք իմ վստահության ու լավատեսության հիմքն են»,- եզրափակիչ խոսքում նշել է փոխնախարարը` ավելացնելով, որ լսումների ընթացքում բարձրաձայնված բոլոր առաջարկները կքննարկվեն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել