Տարեկան ուսուցչական ավելի քան 700 տեղեր թափուր են մնում և չեն լրացվում, դժվարանում է ուսուցիչ գտնելը նույնիսկ քաղաքային դպրոցներում․ փոխնախարար

Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել է խորհրդարանական լսումներ նախորդ տարվա դեկտեմբերին առաջին ընթերցմամբ ընդունված «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխությունների վերաբերյալ: Լսումներին մասնակցել են հանրակրթության ոլորտի, փորձագիտական և քաղհասարակության շուրջ 130 ներկայացուցիչներ:

Հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը տեղեկացրել է, որ խորհրդարանական լսումները նպատակ ունեն ավելի առարկայական քննարկելու դպրոցում առկա խնդիրները և կազմակերպվել են ԱԺ ընդդիմադիր պատգամավորների առաջարկով:

Հիմնական զեկուցող, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի խոսքով` լուրջ խնդիր է ուսուցիչների համալրման խնդիրը: Ըստ նրա` տարեկան ավելի քան ուսուցչական 700 տեղեր թափուր են մնում, չեն լրացվում նույնիսկ քաղաքային դպրոցների մանկավարժական թափուր տեղերը: Հետզհետե դժվարանում է հատկապես ԲՏՃՄ բնագավառի առարկաների ուսուցիչ գտնելը:

«Այսօր մենք Մանկավարժական համալսարանում, 1-4 կուրսերը միասին վերցրած, ունենք ընդամենը 7 ուսանող, որոնք համապատասխան ֆակուլտետում կրթություն են ստանում՝ որպես ֆիզիկայի ապագա ուսուցիչներ: Այդ ֆակուլտետ 2018-ին դիմել է 4, հաջորդ տարի՝ 3 հոգի: Քիմիայից պատկերն ավելի վատ է. 1 հոգի դիմել է 2017-ին, մեկ հոգի՝ 2018-ին, մյուս տարիներին՝ երեքական հոգի: Ընդհանուր առմամբ՝ ամեն տարի շուրջ 21 հազար շրջանավարտներից մանկավարժ դառնալու ցանկություն է հայտնում ընդամենը 500 հոգի, մինչդեռ հանրապետության ուսուցիչների գրեթե կեսը 50 տարեկանից բարձր տարիքի է»,- նշել է Ժաննա Անդրեասյանը` ավելացնելով, որ առաջիկա տասնամյակում պետք է ուսուցչական կազմի էական համալրում իրականացվի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել