Մեր երկրում ամեն 3-րդ երեխան չի կարողանում կարդալ և պարզ տեքստեր հասկանալ․ Ժաննա Անդրեասյան

Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել է խորհրդարանական լսումներ նախորդ տարվա դեկտեմբերին առաջին ընթերցմամբ ընդունված «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխությունների վերաբերյալ: Լսումներին մասնակցել են հանրակրթության ոլորտի, փորձագիտական և քաղհասարակության շուրջ 130 ներկայացուցիչներ:

Հիմնական զեկուցող, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն իր ելույթում ներկայացրել է առաջարկվող հիմնական փոփոխությունները և առաջին ընթերցումից հետո նախագծում արված խմբագրումները: Ելույթի նախաբանում մինչ առաջարկվող փոփոխություններին անդրադառնալը փոխնախարարը խոսել է հանրակրթության որակի ներկա մտահոգիչ պատկերի և համակարգային խնդիրների մասին:

«Մեզ հաճախ մեղադրում են, որ փորձում ենք փոխել դպրոցը, նաև մեղադրում են, թե «քանդում» ենք դպրոցը։ Եկե՛ք հասկանանք՝ որ դպրոցի մասին է խոսքը։ Անցնելով 12-ամյա հանրակրթության` մեր երեխաները եթե լավ սովորեն, ապա կկարողանան իրացնել իրենց կարողությունների 57 տոկոսը։ Այն արդյունքը, որը երեխաները ստանում են 12 տարվա ընթացքում, կարող էին ստանալ 9 տարում»,-նշել է Անդրեասյանը` ավելացնելով, որ մեր երկրում յուրաքանչյուր 3-րդ երեխան չի կարողանում կարդալ և պարզ տեքստեր հասկանալ: Նախարարի տեղակալի խոսքով` 2003-2015 թվականներին Հայաստանում աշակերտների 24-42 տոկոսը չի հաղթահարել բնագիտության միջազգային գնահատման ստորին շեմը:

«Սա վկայում է կյանքի մասին գիտությունների և ֆիզիկայի բնագավառում հիմնարար գիտելիքների բացակայության մասին»,- ընդգծել է նա` շեշտելով, որ փոփոխության հրամայականը պայմանավորված է առկա իրավիճակով:

Փոխնախարարը նաև նշել է, որ Հայաստանում 2019 թվականին բարձրագույն կրթական հաստատություն դիմողների մոտ 20 տոկոսը չի հաղթահարել ‹‹Հայոց լեզվի›› կենտրոնացված միասնական քննությունների նվազագույն շեմը:

««Հայոց լեզու›› և ‹‹Հայ գրականություն›› առարկայի ավարտական քննության նվազագույն շեմը 2017-2018 թվականներին հաղթահարել է 9-րդ դասարանի աշակերտների միայն 54,6 տոկոսը: Ցուցանիշները խոսում են հայոց լեզվի թույլ իմացության կամ առհասարակ չիմանալու մասին: Սրան գումարենք սոցիալական արդարության տեսանկյունից մտահոգիչ այն իրավիճակը, ըստ որի՝ ընտանիքի սոցիալ-տնտեսական վիճակն էապես պայմանավորում է երեխայի կրթական արդյունքը»,- փաստել է Ժաննա Անդրեասյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել