«3 տարի առաջ Սուրեն Պապիկյանը կերազեր ճոխ և օլիգարխիկ հաճույքներին համարժեք հարսանիք ունենալու մասին»․ պատգամավորը ձայնագրություն միացրեց

ԱԺ ամբիոնից պատգամավոր Արեգնազ Մանուկյանը միացրեցի ձայնագրություն՝ հայտարարելով․ «Սա Սուրեն Պապիկյանի ձայնն է։ Այն Պապիկյանի, ով Փաշինյանի կողքին կանգնած` այս սրտաճմլիկ տեքստն էր արտաբերում և կորոնավարակի տարածման առումով հարսանյաց արարողություններ անցկացնելը խնդիր էր համարում։ Մարդ, ով 3 տարի առաջ կերազեր ճոխ և օլիգարխիկ հաճույքներին համարժեք հարսանիք ունենալու մասին։ Մարդ, ում քաղաքական թիմի ու այդ թիմի առաջնորդի չկշռադատված, խայտառակ հակասական ու քաոտիկ գործողությունների հետևանքով մեր երկրի գլխին պատերազմ բերվեց, հազարավոր տղաներ դրվեցին հողի տակ, իսկ նրանց զգալի մասը զրկվեց հարսանիք ունենալու հնարավորությունից։ Նրանց մեծ մասն անգամ չէր էլ հասցրել սիրահարվել և զգալ կյանքի քաղցրությունը»։

Նա նշեց, որ Սուրեն Պապիկյանը, իր քաղաքական թիմի անդամներն ու Նիկոլ Փաշինյանը շաբաթ օրը մասնակցել են հարսանիքի։

«Հարսանիք, որից կոռուպցիոն ռիսկի առերևույթ կասկածներ են առաջանում և որի վերաբերյալ ծպտուն անգամ չեն հանում իբրև թե հակակոռուպցիոն խնդիրներով տոգորվող, օտարերկրյա ֆինանսավորմամբ դայլայլող հասարակական կազմակերպությունները։ Կոռուպցիոն հերթական ռիսկի մասին ծպտուն չի հանի նաև ՔՊ-ի ներկայացրած ՄԻՊ թեկնածուն, ինչպես որ խուսափողական պատասխան տվեց Վիվառոյի սեփականատիրոջ հետ Ալեն Սիմոնյանի և մյուս պատգամավորների միկոնոսյան զվարճանքների, և Ալեն Սիմոնյանի եղբոր ընկերության կողմից ասֆալտապատման տենդերներ շահելու մասին իմ հնչեցրած հարցերին։ Չի հանի, որովհետև նրան հենց դրա համար են նստեցնում այդ պաշտոնին»,-նշել է պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել