Հունվարի 20 -ին սկսված ձյան տեղումներին զուգահեռ` մայրաքաղաքի վարչական շրջաններում գիշերվանից մեկնարկել և ընթանում են ձնամաքրման աշխատանքներ: Ավելի բարձրադիր վարչական շրջաններում, որտեղ ձյան տեղումներն ավելի վաղ էին սկսվել, գործընթացն սկսվել էր նախորդ օրվանից: «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը աշխատանքներում զուգահեռաբար ներգրավել է 58 միավոր տեխնիկա: Ձնամաքրման հետ մեկտեղ քաղաքի փողոցները մշակվում են աղի ու ավազի խառնուրդով:
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
Անանցանելի փողոցներ մայրաքաղաքում չկան: Զուգահեռաբար մաքրվում են մայթերը, բակային տարածքներն ու անցումները:
Գլխավոր և երկրորդական ճանապարհներից հետո աշխատանքները կշարունակվեն վարչական շրջանների ներքին փողոցներում:
Հիշեցնենք, որ վթարներից խուսափելու և ճանապարհային անվտանգությունն ապահովելու նպատակով պարտադիր պայման է ձմեռային անվադողերով երթևեկելը: