Ազգային ժողովը քննարկում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի պաշտոնում Հակոբ Հակոբյանի թեկնածությունը: Թեկնածուին ներկայացրեց ՔՊ պատգամավոր Գուրգեն Արսենյանը:
Թեկնածուն իր ելույթում ասաց. «Ես կարծում եմ՝ այն ճանապարհը, որով այժմ անցնում է ՀՀ-ն, առանձնահատուկ ուշադրություն պետք է նվիրվի մեդիա դաշտին՝ հենց թեկուզ այն պատճառով, որ բազմիցս և բազմաթիվ մասնագետների կողմից նշված է, որ տեղեկատվությունը հասարակության, ինչպես նաև պետության բերանն է, նաև ականջը»,-նշեց Հակոբյանը:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը ՀՌՀ թեկնածու Հակոբ Հակոբյանից հետաքրքրվեց՝ եթե, օրինակ, հեռուստաալիքների դեմ պետությունը փորձի բռնաճնշում իրականացնել ու այս կամ այն պատրվակն օգտագործելով՝ փորձի կասեցնել լիցենզիան կամ հեռարձակումը, ո՞րն է լինելու Հակոբյանի դիրքորոշումն ու որ դեպքում կողմ կլինի եթերի դադարեցմանը:
Հակոբ Հակոբյանն էլ հայտարարեց, թե ինքը քաղաքական նպատակով որևէ հեռուստաալիք փակելուն միանգամայն դեմ է:
«Փառք ու պատիվ մեր իշխանություններին, որ մինչև այսօր ոչ մի հեռուստատեսություն չի փակել, ինչպես փակվել է սրանից առաջ: Ես կարծում եմ՝ մեր իշխանություններն այնքան խոհեմություն կունենան, որ կշարունակեն այդ գիծը», – ասաց նա:
ՀՌՀ թեկնածուի խոսքով՝ եթե վաղը որևէ հեռուստաընկերության եթերով որևէ մեկը բռնություն քարոզի, ինքը կդիմի դատարան՝ առաջարկելով լիցենզիայից զրկել հեռուստաալիքին: