Ազգային ժողովի Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ Արմենուհի Կյուրեղյանը արդարատաության նախարարին հարց ուղղեց Վանաձոր խոշորացված համայնքի ղեկավար ընտրված Մամիկոն Ասլանյանի կալանավորման վերաբերյալ:
«Վանաձորցին իր ձայնը տվեց «Մամիկոն Ասլանյան» դաշինքին, 33 մանդատից 15-ը վստահվեց այդ դաշինքին՝ ակնկալիքով, որ իրենց ղեկավարը լինի Մամիկոն Ասլանյանը: Սկսվեց վերջինիս ձերբակալելու գործընթացը: Կար հաշվարկ, որ պակաս ձայներով նա քաղաքապետ չի ընտրվի, քանի որ ձեր սրտի քաղաքապետը չի: Մինչև հիմա այդ մարդը պահվում է քրեակատարողական հիմնարկում, թեև կալանավորումը կարելի էր այս դեպքում որպես խափանման միջոց չօգտագործել»,-ասաց պատգամավորը, մեջբերելով՝ սահմանադրության 48-րդ հոդվածի 4-րդ կետը (ընտրելու և ընտրվելու, ինչպես նաև հանրաքվեին մասնակցելու իրավունք չունեն դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչված, ինչպես նաև դիտավորությամբ կատարված ծանր հանցանքների համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված և պատիժը կրող անձինք: Ընտրվելու իրավունք չունեն նաև այլ հանցանքների համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված և պատիժը կրող անձինք) և ասաց, որ ՏԻՄ ընտրելու և ընտրվելու իրավունք չունեցողների մեջ Մամիկոն Ասլանյանը չի մտնում:
Արմենուհի Կյուրեղյանը նշեց, որ Մամիկոն Ասլանյանն իրավունք ունի մասնակցելու ավագանու առաջին նիստին, որպես ընտրող և որպես ընտրվող. «Արդյո՞ք մասնակցելու է նա առաջին նիստին, ո՞վ է դա ապահովելու և ի՞նչ մեխանիզմներով»:
Նախարար Կարեն Անդրեասյանն ասաց, որ այդ խնդրով հարցում են ստացել նաև Մարդու իրավունքների պաշտպանից: Նրանք գրությամբ պատասխանել են ՄԻՊ-ին, որ օրենսդրությունը որևէ կերպ չի նախատեսում պատգամավորի մեջբերած սահմանադրական իրավունքի իրացումն այն դեպքերում, երբ անձը գտնվում է կալանքի տակ:
«Կան կոնկրետ թույլտվության մեխանիզմներ, թե երբ մարդը, որը գտնվում է կալանքի տակ, իրավունք ունի լքել քրեակատարողական հիմնարկը: Մենք հստակ բացատրել ենք ՄԻՊ-ին, մեջբերել ենք օրենսդրությունը, դրա բոլոր հղումները և ներկայացրեցինք, որ քրեակատարողական հիմնարկի ղեկավարը կամ ծառայության ղեկավարը կամ նույնիսկ Արդարադատության նախարարը իրավասու չեն մեկնաբանել և կոնկրետ մի քայլ անել, որը դուրս է իրենց լիազորություններից: Այսինքն եթե մենք հիմա որևէ կալանավորի թույլ տանք որևէ համայնքային ընտրության նպատակով բացակայի քրեակատարողական հիմնարկից, դա ուղղակի անթույլատրելի է նախարարության իմաստով»,-ասաց նախարարը:
Արձագանքելով՝ պատգամավորն ասաց, որ օրենսդրության բացի պատճառով ոտնահարվում է մարդու սահմանադրական իրավունքը և հարցրեց նախարարին արդյո՞ք պատրաստվում են լրացնել այդ բացը:
«Չեմ գտնում, որ պետք է ոտնահարել սահմանադրության որևէ նորմ: Պետք է միասին նաև աշխատենք այդ բացը լրացնելու համար»,-ասաց Կարեն Անդրեասյանը:
Հիշեցնենք, որ 2021 թվականի դեկտեմբերի 5-ին տեղի են ունեցել Վանաձոր խոշորացված համայնքի ավագանու ընտրություններ: Վանաձոր համայնքի ավագանին բաղկացած է 33 անդամից: Ընտրություններին մասնակցել են 10 քաղաքական ուժ: Սահմանված նվազագույն շեմը հաղթահարել են հինգ քաղաքական ուժ, և մանդատները բաշխվել են հետևյալ համամասնությամբ.
- «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինք՝ 15 մանդատ,
- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 9 մանդատ,
- Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն՝ 5 մանդատ,
- «Հայրենիք» կուսակցություն՝ 2 մանդատ,
- «Ապրելու Երկիր» կուսակցություն՝ 2 մանդատ:
Արդյունքում` «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքը, որոշել է ավագանու անդամ այլ ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ ձևավորել դաշինք` համայնքի գործադիր իշխանությունն իրացնելու համար:
Նշենք, որ Մամիկոն Ասլանյանը ձերբակալվել և խափանման միջոցը կալանք է ընտրվել 2021թ. դեկտեմբերի 15-ին` ավագանու առաջին նիստից ընդամենը մի քանի օր առաջ:
Ավելի վաղ ՏԻՄ ընտրությունների հետընտրական գործընթացների վերաբերյալ հայտարարությամբ հանդես էր եկել նաև Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդը։