«Հայփոստի» աշխատակիցը յուրացրել է պատերազմի հետևանքով տեղահանվածի պետական դրամական աջակցությունը

«Հայփոստ» ՓԲ ընկերության Ախուրյանի՝ թիվ 2601 փոստային բաժանմունքի ավագ օպերատոր Կ․Խ․-ն պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացրել է զգալի չափերով՝ 300․000 դրամ։

Այս մասին Իրավաբան․net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

Մեղադրական եզրակացության համաձայն, նա 2021 թվականի հունվարի 11-ին հափշտակել է պատերազմի հետևանքով Ասկերանի շրջանի Ակնաղբյուր համայնքից տեղահանված Ա․Ծ․-ի անունով պետության կողմից տրամադրված միանվագ 300․000 դրամ գումարային օգնությունը։

Կ․Խ․-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 179-րդ հոդված 2-րդ մասի 1-ին կետի (Յուրացնելը կամ վատնելը՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով,) և 325-րդ հոդվածի 1-ին մասի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) հատկանիշներով։

Գործը մակագրվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նարեկ Բեգլարյանին։

Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել՝ ստորագրություն չհեռանալու մասին։

Առաջիկա դատական նիստը դեռ նշանակված չէ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել