«Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«2018թ. հոկտեմբերի 24-ին վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյանը ԱԺ ամբիոնից տառացիորեն հայտարարում է, որ առաջիկայում կբացահայտվի Երրորդ հանրապետության պատմության ամենախոշոր կաշառքի դեպքը՝ հավելելով, որ խոսքը պատգամավորներից մեկին առնչվող գործի մասին է:
Նշված հայտարարությունից 1 ամիս 9 օր անց՝ 2018թ. դեկտեմբերի 3-ին, ՀՀ գլխավոր դատախազը բնապահպանության նախկին նախարար, այդ ժամանակ ԱԺ-ի պատգամավոր Արամ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատազրկելու միջնորդություն է ներկայացնում ԱԺ:
Պարզվում է, որ վերջինս մեղադրվում է 14 միլիոն ԱՄՆ դոլլար կաշառք ստանալու մեջ, սակայն հասցրել է դուրս գալ երկրից ու մինչև օրս նրա գտնվելու վայրը մինչ օրս հայտնի չէ:
3 տարի 1 ամիս անց՝ 2022թ. հունվարի 13-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարում է, որ Ա. Հարությունյանի գործով քննված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Վերջինիս և նրա երկու մտերիմների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նրանց պատկանող` ընդհանուր 30 մլն ԱՄՆ դոլարի չափով դրամական միջոցների և գույքի վրա արգելանք է դրվել:
3 տարի 1 ամիս անց՝ 2022թ. հունվարի 14-ին հայտարարություն է տարածվում, որ ՀՀ գլխավոր դատախազությունը դիմել է դատարան` Ա. Հարությունյանի ու նրա հետ փոխկապակցված 2 անձանց ապօրինի ծագում ունեցող գույքը բռնագանձելու պահանջով։
Բոլորովին այլ հարց է, որ իրավասու մարմինները պարտավոր էին ձեռնարկել այնպիսի քայլեր, որպեսզի հնարավոր լիներ քրեական գործի ընթացքը վարել այնպես, որ հնարավոր չլիներ վերահսկողությունից դուրս թողնել, ինչպես արդեն նշվել է, երրորդ հանրապետության պատմության ամենախոշոր կաշառքի դեպքով ենթադրյալ կաշառք ստացող անձին:
100 տոկոսով ապացուցված գործի պայմաններում պետք է 200 տոկոսով պատկան մարմինները պատշաճ, ճշգրիտ ու անթերի կատարեին իրենց առջև դրված խնդիրները՝ նախապես հաշվարկելով այդ գործի բոլոր հանգամանքները՝ այդ թվում և մեղադրվող անձի՝ Հանրապետության տարածքից դուրս գալու և վարույթն իրականացնող մարմնից խուսափելու հանգամանքը:
Ստացվում է, որ այս պահի դրությամբ այդ գործով բոլոր մեղադրյալները խուսափում ենք քրեական հետապնդումից:
Բայց ունենք այն, ինչ ունենք:
Ինձ այս գործում այլ հանգամանք է հետաքրքրում: Եթե իսկապես Արամ Հարությունյանին առաջադրված մեղադրանքը հիմնավոր է ու կապացուցվի դատարանում, ուրեմն պետք է արժանին մատուցել նրան, որ նա կարողացել է երրորդ Հանրապետության պատմության ընթացքում ստանալ ամենախոշոր կաշառքը՝ ոչ ավել, ոչ պակաս՝ 14 միլիոն ԱՄՆ դոլլար, բայց այդ մասին չեն իմացել այդ ժամանակահատվածի ԱԱԾ տնօրենը, ոստիկանության պետը, վարչապետը, ՀՀ նախագահը:
Առավել արժանին պետք է մատուցել սույն քրեական գործով վարույթին որևէ մասնակցություն ունեցած բոլոր իրավասու մարմիններին, որոնք իրենց աշխատանքով ամեն ինչ արեցին մեր հանրությանը հավատացնելու համար, որ Արամ Հարությունյանն այդ 14 միլիոն ԱՄՆ դոլլարը որպես կաշառք ստացել է վերը նշված անձանցից թաքուն:
Բրավո՛, պարոնա՛յք, շարունակեք նույն տեմպերով պայքարել կոռուպցիայի դեմ»: