Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հաստատել է Արցախում հաշվառված առանձին խմբերի համար միանվագ դրամական օգնություն սահմանելու մասին կառավարության որոշումները, այս մասին տեղեկացնում է ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
Համաձայն որոշման՝ 50,000 ՀՀ դրամի չափով միանվագ դրամական օգնություն կստանան 2021 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ Արցախի Հանրապետությունում հաշվառված հետևյալ խմբերի քաղաքացիները.
. 2021 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ Արցախի Հանրապետությունում կենսաթոշակ ստացող անձինք
. 2021 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ ԱՀ-ում պարգևավճար ստացող անձինք
. 2021 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ 18 տարին չլրացած երեխաները:
Նշված որոշումը չի վերաբերում «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքով սահմանված կենսաթոշակ ստացող անձանց, ինչպես նաև պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունից տեղահանված կամ Արցախի Հանրապետությունում բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին, որոնց ՀՀ կառավարության համապատասխան որոշման համաձայն 2021 թվականի սեպտեմբերից սկսած 4 ամիս ժամկետով տրամադրվել է ամսական դրամական օգնություն:
Դրամական օգնությունը նշանակվում է առանց գրավոր կամ առցանց եղանակով դիմում ներկայացնելու՝ Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության կողմից տրամադրված՝ բնակչության պետական ռեգիստրի տվյալների հիման վրա։ Վճարումը կսկսվի մինչև փետրվարի 1-ը: