ԱԺ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված եւ ՀՀ պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը հունվարի 12-ին գումարել է 4-րդ նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Արծվիկ Մինասյանը: Քննիչ հանձնաժողովը նպատակ ունի ուսումնասիրել հիմնադրամի հավաքագրած գումարների ծախսման ուղղությունները եւ պարզել` արդյո՞ք դրանք ծառայել են 44-օրյա պատերազմի ընթացքում ստեղծված իրավիճակի եւ դրանից հետո առաջացած հետեւանքների հաղթահարմանը:
Այս մասին հայտնում են Ազգային ժողովից:
Հերթական նիստին հանձնաժողովը հրավիրել էր այդ ժամանակահատվածում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը զբաղեցրած Զարուհի Բաթոյանին, ով պաշտոնավարել է մինչեւ 2020թ-ի նոյեմբերի 20-ը: Նշված ժամանակահատվածում նախարարությունն իրականացրել է հիմնականում համակարգման աշխատանքներ: Շուրջ 90.000 արցախցիների համար իրականացվել են առողջապահական ծառայությունների ուղղորդումներ, հումանիտար աջակցության ծրագրեր: Նախարարության լծակներով կարգավորվել են նաեւ նրանց կեցության խնդիրները: Բոլոր միջոցառումները գերատեսչությունն իրականացրել է մասնավոր հատվածի եւ բարեգործական տարբեր կազմակերպությունների միջոցներով. ընդգծել է Զարուհի Բաթոյանն ու հավելել, որ դրանց իրականացման համար «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից ֆինանսական աջակցություն չի եղել: Ներկայացնելով մանրամասները` նախկին նախարարը նշել է, որ հիմնադրամի աջակցությունը եղել է հոկտեմբերից սկսած: Միջոցներն ուղղվել են մասնավորապես շտապ օգնության մեքենաների ձեռքբերման եւ առողջապահական հրատապ խնդիրների լուծման համար:
Նախարարությունն ավելի ուշ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով իրականացրել է հուղարկավորությունների կազմակերպման ու գերեզմանատների ձեռքբերման ծախսերը, ինչպես նաեւ «Հյուրընկալ ընտանիքներ» ծրագրի շրջանակում գումարներ են տրամադրվել Հայաստանի շահառու ընտանիքներին:
Հանձնաժողովի անդամները Զարուհի Բաթոյանին ուղղել են հարցեր ծրագրերի իրականացման ժամկետների, ծախսային բաշխվածության վերաբերյալ: Արծվիկ Մինասյանի առաջարկով պատգամավոր Հովիկ Աղազարյանին հանձնաժողովականները լիազորել են կոնկրետ ծրագրերի մասով ուսումնասիրել նախարարությունում առկա տվյալները եւ դրանք փաստագրված ներկայացնել հանձնաժողովին: