Ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի գովազդը կթույլատրվի հատուկ վայրերում

Խաղային բնագավառում միասնական քաղաքականության ապահովմանը եւ հավասար մրցակցային պայմանների ու պահանջների սահմանմանն ուղղված Կառավարության նախաձեռնությունն առաջին ընթերցմամբ քննարկվել է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հունվարի 12-ի նիստում:

Այս մասին տեղեկանում ենք Ազգային ժողովի մամուլի ծառայությունից:

«Գովազդի մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններով եւ լրացումներով նախատեսվում է ինտերնետ շահումով խաղերի, ինչպես նաեւ վիճակախաղերի` տոտալիզատորների կազմակերպման գործունեության գովազդի կարգավորումները համապատասխանեցնել խաղատների եւ շահումով խաղերի կազմակերպման գովազդներին ներկայացվող սահմանափակումներին:

Հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանի խոսքով` գովազդ կթույլատրվի միայն 4 աստղանի եւ բարձր հյուրանոցներում, սահմանային անցակետերում ու նմանատիպ գործունեություն իրականացնող շենքերի ճակատային հատվածում: Մյուս վայրերում գովազդն արգելված կլինի: Արմեն Հայրապետյանի տեղեկացմամբ` նման սահմանափակումներ գործում են շատ երկրներում` Լատվիա, Էստոնիա, Չեխիա, Վրաստան եւ այլն:

Նախաձեռնությունը դժգոհություն է առաջացրել գովազդային մեդիա ոլորտում: Գովազդային գործակալների ներկայացմամբ` գովազդային ընկերությունների հասույթի մեծ մասը` 60%-70%-ը գոյանում է ինտերնետ շահումով խաղերի եւ վիճակախաղերի ոլորտի շնորհիվ: Սակայն, հիմնական զեկուցողի պնդմամբ` իրենց հաշվարկներով այն կազմում է 20%-25%:

Նախաձեռնությունը ստացել է դրական եզրակացություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել