Տղամարդը խաղալիք նռնակով սպառնացել է «Ֆաստ Կրեդիտի» աշխատակցին

Մխիթար Զ.-ն 2021 թվականի օգոստոսի 4-ին ժամը 03:37-ի սահմաններում խաղալիք նռնակը ցուցադրաբար ձեռքում պահած հարձակում է գործել Իջևան քաղաքի Երևանյան փողոցի 124 հասցեում գտնվող Ֆաստ Կրեդիտ Կապիտալ ՈՒՎԿ ՓԲԸ-ի Իջևան մասնաճյուղ:

Նա աշխատակցին սպառնացել է պայթեցնել նռնակը և պահանջել է գումար, սակայն պահանջված գումարը չստանալով՝ դիմել է փախուստի:

Այս մասին Իրավաբան.netը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:

Մխիթար Զ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ավազակությունը՝ ուրիշի գույքը հափշտակելու նպատակով հարձակումը, որը կատարվել է կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա):

Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Դատական գործը մակագրվել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զոյա Զաքինյանին:

Այլ խափանման միջոց ընտրելու մասին պաշտպանի միջնորդությունը մերժվել է:

2021 թվականի դեկտեմբերի 16-ի դատական նիստը չի կայացել: Հաջորդ նիստը նշանակված չէ:

Հիշեցնենք, որ 2021 թվականի սեպտեմբերի 7-ին Քննչական կոմիտեից հայտնել էին, որ 2021թ. օգոստոսի 4-ին՝ ժամը 03:37-ի սահմաններում, 31-ամյա տղամարդը, ուրիշի գույքը հափշտակելու նպատակով, մուտք է գործել Իջևան քաղաքի Երևանյան փողոցում գործող «Ֆաստ Կրեդիտ Կապիտալ» ՈՒՎԿ ՓԲ ընկերության Իջևանի մասնաճյուղ, որտեղ աշխատակցի կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելու` ձեռքում առկա նռնակը պայթեցնելու սպառնալիքով վերջինից գումար է պահանջել, սակայն չստանալով այն՝ դիմել է փախուստի:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել