ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն պարբերաբար ստացվել են օպերատիվ տվյալներ, որ մի շարք քաղաքացիներ իրենց փաստացի պատկանող, սակայն երրորդ անձանց անվամբ գրանցված ընկերությունների և անհատ ձեռնարկատերերի միջոցով Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն են ներմուծում մեծ քանակությամբ ցորեն և այդ գործընթացի ժամանակ խուսափում են առանձնապես խոշոր չափերի հարկեր վճարելուց: Վերջիններս օգտվել են հարկային օրենսգրքով սահմանված այն դրույթից, որ հարկ վճարողները Հայաստան ներմուծվող՝ ԵԱՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների համար սահմանված կարգով հաշվարկված՝ ավելացված արժեքի հարկի գումարնեը կարող են վճարվել մինչև ապրանքների Հայաստանի պետական սահմանը հատելու ամսվան հաջորդող ամսի 20-ը: Տվյալ անձինք իրենց հետ փոխկապակցված՝ դրածո անձանց անվամբ գրանցված ընկերությունների միջոցով Հայաստան են ներմուծում հացահատիկ և մաքսային սահմանը անցնելուց հետո, սահմանված ժամկետում չեն վճարում ԱԱՀ-ն ու հետագայում ընկերությունները տարել են սնանկացման։
Այս մասին տեղեկանում ենք ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Կազմակերպիչը ներմուծված ցորենը վաճառել է այլ ընկերության, որն էլ հետագայում վերավաճառել է մեկ ուրիշ տնտեսվարողների՝ շուկայական գներից էականորեն ցածր արժեքով: Այս ամենի հետևանքով հացահատիկի շուկայում ստեղծվել են անհավասար մրցակցային պայմաններ:
Նկատի ունենալով առերևույթ հանցագործության մեջ ներգրավված անձանց քանակը և դրա հետևանքով տնտեսությանը հնարավոր վնաս պատճառելու մեծ ծավալները, որոշում է կայացվել օպերատիվ տվյալներն իրացնել ՀՀ ԱԱԾ-ի մեր գործընկերների հետ: ԱԱԾ-ի հետ համատեղ ձեռնարկված համալիր և բազմակողմանի օպերատիվ-հետախուզական միջոցառումները տվել են լուրջ արդյունքներ:
Պարզվել է, որ շահույթ ստանալու նպատակով փաստացի հիմնադրվել է սահմանափակ պատասխանատվությամբ, միմյանց հետ փոխկապակցված 23 ընկերություն, որոնք հանրապետություն են ներկրել հացահատիկ: Շուրջ 5 ամիս տևած օպերատիվ-հետախուզական համատեղ միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ ՌԴ-ից ՀՀ են խոշոր քանակի հացահատիկի ներկրման կազմակերպիչը չցանկանալով վճարել հարկերը, մշակել է հանցավոր սխեմա: Այն է` ենթակա անձին վճարվել է հարկի գումարի 50%-ը, իսկ վերջինս անվճարունակ և նախկինում դատապարտված անձանց անունով գրանցել է ընկերություններ և տվյալները փոխանցել կազմակերպչին; Վերջինն էլ այդ ընկերությունների անունով հացահատիկն առանց որևէ հարկ վճարելու ներմուծել է ՀՀ, որից հետո կեղծ գործարքի միջոցով նույն ապրանքը վաճառվել է կազմակերպչին պատկանող ընկերությանը։
Հիմնադիր տնօրենները եղել են հիմնականում գործազուրկ, սոցիալապես անապահով ու նախկինում տարբեր հանցագործությունների կատարման համար ազատազրկված անձինք: Նույն անձը՝ 5-7 անգամ, մեկը նույնիսկ 33 տարվա ազատազրկում է ունեցել: Հստակ, հիերարխիկ կառուցվածքով հանցավոր սխեմայի գլխավերևում գտնվող անձը որոշ ընկերությունների տնօրեններին հանդիպել է անձամբ և իր պայմաններն է ներկայացրել, մյուսների հետ էլ կապի մեջ է գտնվել մեկ այլ անձ, ով մշտական ուղղորդել է տնօրեններին: Խմբավորման մեջ ընդգրկվածներին ասվել է, թե վերջիններս նույնիսկ ինչ պետք է խոսեն ՊԵԿ ՀՕՀ վարչության աշխատակիցների հետ: Կազմակերպիչների ուղղորդմամբ վերը նշված անձինք փորձել են շանտաժի ենթարկել վերջիններիս՝ սպառնալով նրանց գործողությունները բողոքարկել այլ պետական գերատեսչություններ, իսկ երբեմն փորձել են վեճի բռնվել ՊԵԿ ՀՕՀ վարչության աշխատակիցների հետ՝ այդ կերպ փորձելով ճնշում գործադրել նրանց վրա։
ԱԱՀ-ի գումարը չվճարելու հանգամանքով պայմանավորված՝ ընկերությունները տարվել են սնանկության և հաշվի առնելով այն հանգամանքը, որ դրանց հիմնադիր-տնօրենների անվամբ որևէ շարժական կամ անշարժ գույք գրանցված չէ, ուստի օրենքով սահմանված կարգով բռնագանձում չի իրականացվում և պետության հանդեպ առաջացած առանձնապես խոշոր չափերով հարկային պարտավորությունները մնում են չկատարված։
ՊԵԿ Հհետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության և ԱԱԾ համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռքբերված փաստական տվյալների համաձայն կատարվել է պետությանը պատճառված վնասի հաշվարկ: Հասցվել է առանձնակի խոշոր չափի՝ շուրջ 150 միլիոն դրամի վնաս՝ որի հիմքով` ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ` քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով, իսկ նախաքննությունը տարվում է ՊԵԿ քննչական վարչությունում:
Կոմիտեի քննչական վարչությունում իրականացվող նախաքննության ընթացքում աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել, ձերբակալվել և կալանավորվել են վերը նշված հանցավոր արարքների կատարման մեջ կասկածվող անձինք: Միաժամանակ, քրեական գործով խուզարկություններ են կատարվել շուրջ 3 տասնյակ հասցեներում՝ արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են քրեական գործով կարևոր նշանակություն ունեցող առարկաներ և փաստաթղթեր:
Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է քաղաքացիներին զերծ մնալ անօրինական եղանակով, այդ թվում, հարկեր չվճարելու դիտավորությամբ ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու կամ կանխամտածված անվճարունակության հատկանիշներ ստեղծելու դիտավորությամբ կամ հանցավոր գործունեություն իրականացնող անձանց կողմից կազմված խմբերում ընդգրկվելու եղանակով ՀՀ տարածք ապրանքներ ներմուծելուց:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: