Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին զերծ մնալ ուժի կիրառումից և բովանդակալից երկխոսության մեջ մտնել Լեռնային Ղարաբաղի շուրջ վեճը լուծելու համար։ Այդ մասին «Արմենպրես»-ին հայտնել է ԵԱՀԿ գործող նախագահ Զբիգնև Ռաուի խոսնակ, ԵԱՀԿ-ում Լեհաստանի մշտական առաքելության երկրորդ քարտուղար Բարտոշ Կեմպինսկին՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս է ԵԱՀԿ նախագահությունը գնահատում հունվարի 11-ին հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի իրականացրած ռազմական սադրանքն ու հրադադարի խախտումները, որոնց հետևանքով հայկական կողմը 3 զոհ ունի։
«Մենք ուշադրությամբ մշտադիտարկում ենք իրադրությունը Հարավային Կովկասում։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանին և Հայաստանին զերծ մնալ ուժի կիրառումից և բովանդակալից երկխոսության մեջ մտնել Լեռնային Ղարաբաղի շուրջ վեճը լուծելու համար։ Լեհաստանը, որպես ԵԱՀԿ նախագահող, մտադիր է աշխատելու գործընկերների հետ՝ տարածաշրջանում տևական խաղաղության հաստատմանը և կայուն զարգացմանը միտված մեր ջանքերը նորացնելու և ամրապնդելու նպատակով։ Այդ առումով մենք աջակցելու ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին», – նշել է ԵԱՀԿ գործող նախագահի խոսնակը։
Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարարությունից հայնել էին, որ հունվարի 11-ին հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքի հետևանքով զոհվել են ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներ, շարքային Արթուր Արտյոմի Մխիթարյանը (ծնվ. 2002թ.) և կրտսեր սերժանտ Ռուդիկ Ռաֆիկի Ղարիբյանը (ծնվ. 2002թ.)։
Եվս երկու զինծառայող վիրավոր է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Ժամը 21։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք այսօր՝ ժամը 15։15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով մեկ զինծառայող ստացել է միջին ծանրության հրազենային վիրավորում:
Ժամը 17։30-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները օգտագործել են նաև հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր:
Ժամը 18:30-ի դրությամբ պաշտպանության նախարարությունը հայտնել է հայակական կողմի երեք վիրավորի մասին։
Նշենք, որ ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է իր զինծառայող Այազ Նազարով Ազեր օղլու մահվան մասին, իբր, ՀՀ զինված ուժերի գնդակոծության հետևանքով։