Հունվարի 11-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի առաջնորդությամբ, ընդունեց 2021 թվականի նոյեմբերի 21-ին Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում քահանայական կոչմանն արժանացած և Մայր Աթոռում քառասնօրյա պատրաստության շրջան անցած նորաօծ տասնմեկ քահանաներին:
Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
Նորին Սրբությունը, իր հայրական օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցելով նորաօծ քահանա հայրերին, շնորհավորեց նրանց քահանայական ձեռնադրության առիթով:
Ամենայն Հայոց Հայրապետը, անդրադառնալով քահանայական ծառայության կարևորությանը, փաստեց, որ եկեղեցականի առաքելությունը հատկանշական է զոհողությամբ, հնազանդ ոգով և իր կոչմանը հավատարիմ լինելու բարձր գիտակցությամբ: Հայոց Հովվապետը հաստատեց նաև, որ նորաօծ քահանա հայրերն իրենց հովվական ծառայության մեջ կհանդիպեն բազմաթիվ դժվարությունների և մարտահրավերների, սակայն իրենց զորավոր հավատքով առ Աստված, խոհեմությամբ և համբերատարությամբ պետք է հաղթահարեն դրանք՝ արդյունավետ դարձնելով հոգևոր սպասավորությունը մայր եկեղեցու անդաստանում:
Վեհափառ Հայրապետը հորդորեց քահանա հայրերին լինել ամուր իրենց կոչման մեջ, չընկճվել, հույսով, հավատքով և անձնդիր նվիրումով շարունակել ծառայել հավատավոր հոտին:
Հանդիպման վերջում Նորին Սրբությունը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց քահանաներին և նրանց ընծայեց ձեռաց խաչեր, Մաշտոց ծիսարաններ և Սուրբ Հաղորդության մասնատուփեր: