Երևանի ավագանու անդամները՝ Հայկ Մարությանին պաշտոնանկ անելու նախաձեռնության մասին

Մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ամենայն հավանականությամբ առաջիկա 10 օրերի ընթացքում պաշտոնանկ կարվի: Նշվում էր, որ քաղաքապետարանի ավագանու 60 անդամներից մոտ 48-ը քաղաքապետին հեռացնելու համար  համապատասխան ստորագրություններ են հավաքել:

Տարածված տեղեկությունները ճշտելու համար Իրավաբան․net-ը կապ հաստատեց Երևանի ավագանու տարբեր խմբակցությունների անդամների հետ:

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը մեզ հետ զրուցում ասաց, որ նման տեղեկություն չունի և ստորագրելու առաջարկ չի ստացել:

«Քանի որ «Լույս» խմբակցությունը այս պահի դրությամբ կազմված է երեք իրարից անկախ քաղաքական ուժերի ներկայացուցիչներից, չեմ կարող ասել, թե ինչպես կքվեարկենք: Համենայնդեպս, երբ ստորագրության առաջարկը ստանանք, մեր քաղաքական թիմի ներսում կորոշենք՝ ստորագրել, թե ոչ»,- ասաց Անի Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ եթե հաստատվի Մարության-Քոչարյան ենթադրյալ հանդիպման մասին տեղեկությունը, անձամբ ինքն է նախաձեռնելու ստորագրահավաք՝ Մարությանին հեռացնելու համար:

Ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մանրիկյանն էլ ասաց, որ իրենց նման առաջարկով դեռ չեն դիմել․ «Լուրեր պտտվում են: Սպասենք, երբ կդիմեն այդ ժամանակ արդեն կքննարկենք մեր խմբակցությունով և կտանք մեր գնահատականը»։

Ավագանու անդամ Էռնեստ Ավանեսովն էլ նշեց, որ չի բացառում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից նման առաջարկը։

««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները պարբերաբար իրենց ելույթների ժամանակ անդրադարձներ կատարում են և վերջին օրերին մամուլում շրջանառվող լուրերն, որոնք մասամբ հերքվեցին, մասամբ անպատասխան մնացին, ցույց է տալիս, որ ինչ-որ բան է նախապատրաստվում»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ ամբողջ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում միակ եզակի աշխատող կառույցը Երևանի քաղաքապետարանն է և տպավորություն է, որ մարդիկ կան, որոնք չեն ուզում երկիրն ու քաղաքը զարգանան:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել