Հայաստանում՝ 9 մարզերի 36 խոշորացված համայնքներում այսօր՝ դեկտեմբերի 5-ին, մեկնարկել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները։
Ժամը 08:00-ից բացվել են բոլոր ընտրատեղամասերը։
Համայնքապետի ընտրություններ են
- Արարատի մարզի՝ Արարատ, Արտաշատ, Մասիս, Վեդի,
- Արագածոտնի մարզի՝ Աշտարակ, Ապարան, Թալին,
- Արմավիրի մարզի՝ Արաքս, Արմավիր, Բաղրամյան, Խոյ, Մեծամոր, Վաղարշապատ, Փարաքար,
- Գեղարքունիքի մարզի՝ Գավառ, Մարտունի, Սևան, Վարդենիս,
- Լոռու մարզի՝ Թումանյան, Սպիտակ, Վանաձոր, Փամբակ,
- Վայոց Ձորի մարզի՝ Եղեգնաձոր, Ջերմուկ, Վայք,
- Շիրակի մարզի՝ Ախուրյան, Ամասիա, Աշոցք, Արթիկ,
- Կոտայքի մարզի՝ Աբովյան, Գառնի, Ծաղկաձոր, Նոր Հաճն, Հրազդան, Նաիրի,
- Տավուշի մարզի՝ Նոյեմբերյան համայնքներում։
Ընտրատեղամասերը, ինչպես մյուս բոլոր ընտրություններին, կփակվեն 20։00-ին:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովից հայտնում են, որ առաջադրման փաստաթղթեր ներկայացրել են թվով 132 կուսակցություններ և կուսակցությունների դաշինքներ,որոնցից գրանցվել են 130-ը, մեկ կուսակցության գրանցումը մերժվել էր , 1 կուսակցության գրանցումը ճանաչվել էր անվավեր։
Կուսակցությունների,կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակներում գրանցվել են 4190 թեկնածուներ։
Նշված ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են ընդհանուր թվով 984 տեղամասեր:
Առավոտյան՝ ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 984 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին: ՏԻՄ ընտրությունների ժամանակ ընտրողների էլեկտրոնային գրանցման նպատակով օգտագործվում է 2013 տեխնիկական սարքավորում:
Ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար հավատարմագրվել են 9 տեղական հասարակական կազմակերպություններ և մեկ միջազգային կազմակերպություն, ինչպես նաև քվեարկության օրն ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում իրականացնելու համար հավատարմագրվել են 25 զանգվածային լրատվության միջոցներ: