Իմ երկիրը առ այսօր իր վրա զգում է դիլետանտ-պոպուլիստների ապաշնորհ կառավարման ծանր հետևանքները. Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթ է ունեցել «XXI դարի գլոբալ մարտահրավերները. միջկուսակցական հարթություն» թեմայով միջազգային միջկուսակցական տեսակոնֆերանսին։

«Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ կորոնավիրուսի համավարակի պատճառով քննություն ենք հանձնում պատմության և մեր սերունդների առջև: Մեր երկրների միլիոնավոր քաղաքացիներ պայքարում են կյանքի իրենց իրավունքի համար, և մեր պետական համակարգերը պարտավոր են դեմքով շրջվել դեպի քաղաքացիներն ու ապացուցել իրենց արդյունավետությունը։
Ավաղ, այս իրավիճակում ոչ բոլոր երկրների ժողովուրդներին են բաժին ընկել բանիմաց, պատասխանատու և արդյունավետ ղեկավարներ։ Նախքան կորոնավիրուսը՝ աշխարհի բազմաթիվ երկրներ, այդ թվում Հայաստանը, ախտահարվեցին ծայրաստիճան վտանգավոր մեկ այլ վիրուսով. պոպուլիզմի վիրուսով։ Սա մեծ ցավով եմ նշում, քանի որ իմ երկիրը առ այսօր իր վրա զգում է դիլետանտ-պոպուլիստների ապաշնորհ կառավարման ծանր հետևանքները, և կորոնավիրուսը մեզ բաժին ընկած բնավ միակ փորձությունը չէր։
Անցած տարվա սեպտեմբերի 27-ին մենք լայնամասշտաբ ագրեսիայի ենթարկվեցինք Ադրբեջանի կողմից, որին անմիջականորեն և անթաքույց սատարում էին Թուրքիան և Մերձավոր Արևելքից բերված վարձկանները։
Պատերազմը, որտեղ կիրառվում էին միջազգային իրավունքով արգելված զինատեսակներ, աղետալի հետևանքներ ունեցավ իմ ժողովրդի համար՝ խլելով հազարավոր երիտասարդների կյանքեր, անօթևան թողնելով տասնյակ հազարավոր մարդկանց, թշնամական գերության մեջ նետելով մեր հարյուրավոր հայրենակիցների, որոնց գերակշիռ մասին Ադրբեջանը մինչ օրս, պատերազմից ավելի քան մեկ տարի անց, պահում և խոշտանգումների է ենթարկում Բաքվի բանտերում։
Օգտվելով Հայաստանում գործող թուլակամ և պոպուլիստ իշխանության վարքագծից, ինչպես նաև շահագրգիռ արտաքին ուժերի թողտվությունից, որոնք երեք տարի առաջ որոշակի նպատակներով օգնեցին նրանց իշխանության գալ հայտնի տեխնոլոգիաների միջոցով, Ադրբեջանն այսօր էլ ոտնձգություններ է կատարում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ, ահաբեկում սահմանամերձ բնակավայրերի խաղաղ քաղաքացիներին, սադրում ռազմական բախումներ և շարունակում գերեվարել նոր զինվորների։
Հայաստանը դարձել է մի երկիր, որի օրինակով քաղաքագիտությունը կարող է ուսումնասիրել տգետ պոպուլիստների կառավարման կործանարար հետևանքները»,-իր խոսքում նշել է Սերժ Սարգսյանը։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել