Դատարանում ելույթի ժամանակ Քարահունջ համայնքի ղեկավար Լուսինե Ավետյանը նշեց, որ Առուշանյանը ընդունել է բնակիչներին, լսել նրանց սոցիալական խնդիրների մասին, դրա հիման վրա օգնություն հատկացնելու մասին որոշում կայացրել։
Այս մասին հայտնում է «Առուշ Առուշանյան» դաշինքը։
«Լուսինե Ավետյանը տարակուսանք հայտնելով իր դեմ տված բնակիչների ցուցմունքներին, ասաց որ կողմնակի ճնշում է գործադրվել նրանց նկատմամբ։
«Բազմաթիվ անգամ Առուշանյանը նույն բնակիչներին օգնել է և դա դիտել ընտրակաշառք անընդունելի է, զղջում եմ, որ սուտ ցուցմունք եմ տվել Առուշանյանի դեմ»,- նշեց Լուսինե Ավետյանը։
Ավետյանի խոսքով, ինքը սատարել է «Հայաստան» դաշինքին և իրականացրել է քարոզարշավ՝ օրենքի տառին համապատասխան։
Նշենք, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում շարունակվում է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի և մյուսների գործով դատական նիստը»,- նշված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Առուշանյանը կալանավորված է 2021թ.–ի հուլիսի 16-ից: Գորիսի համայնքապետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով (քվեարկության գաղտնիությունը խախտելը, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելը)։