Ինչպե՞ս է ապրանքային նշանը ճանաչվում հանրահայտ

Ապրանքային նշանը հանրահայտ ճանաչելու համար ցանկացած շահագրգիռ անձ կարող է դիմում ներկայացնել Մտավոր սեփականության գործակալության բողոքարկման խորհուրդ։ Դիմումը պետք է վերաբերի միայն մեկ ապրանքային նշանի։

Դիմումը պետք է պարունակի ապրանքային նշանի վերարտադրությունը և նկարագրությունը, ինչպես նաև թվականը, երբվանից հայտարկվում է ապրանքային նշանը հանրահայտ ճանաչելը։

Դիմումին կցվում են՝
1) ապրանքային նշանի իրավատիրոջ կամ օգտագործողի մասին տեղեկություններ պարունակող փաստաթղթեր.
2) ապրանքների և (կամ) ծառայությունների ցանկը, որոնց նկատմամբ օգտագործվում է ապրանքային նշանը.
3) փաստաթղթեր, որոնք վկայում են համապատասխան անձանց շրջանակում այն ապրանքների և (կամ) ծառայությունների համար ապրանքային նշանի հայտնի լինելու մակարդակի մասին, որոնց նկատմամբ օգտագործվում է ապրանքային նշանը.
4) ապրանքային նշանի օգտագործման սկիզբն ու ժամանակահատվածը վկայող փաստաթղթեր.
5) Հայաստանի Հանրապետությունում ապրանքային նշանի օգտագործման աշխարհագրական տարածքի մասին տեղեկություններ պարունակող փաստաթղթեր.
6) օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը։

Ապրանքային նշանը Հայաստանի Հանրապետությունում հանրահայտ ճանաչելու մասին դիմումը բողոքարկման խորհուրդը քննարկում և համապատասխան որոշում է կայացնում դիմումն ստանալու օրվանից հետո` երկամսյա ժամկետում։

Ապրանքային նշանը չի կարող ճանաչվել հանրահայտ, եթե՝
1) վերը նախատեսված փաստաթղթերը լիարժեք կամ հավաստի չեն կամ բավարար համոզիչ չեն, որ իրոք Հայաստանի Հանրապետությունում հասարակության համապատասխան շրջանակների համարապրանքային նշանը լայն ճանաչում է ստացել այն ապրանքների և (կամ) ծառայությունների համար, որոնց նկատմամբ օգտագործվել է.
2) ապրանքային նշանը Հայաստանի Հանրապետությունում հասարակության համապատասխան շրջանակների համար լայն ճանաչում է ստացել նույնատիպ ապրանքների և (կամ) ծառայությունների համար այլ անձի նույն կամ շփոթելու աստիճան նման գրանցված ապրանքային նշանի առաջնության թվականից հետո։

Հայաստանի Հանրապետությունում ապրանքային նշանը հանրահայտ ճանաչելու մասին որոշման մեջ նշվում է՝
1) հանրահայտ ապրանքային նշանի իրավատիրոջ ազգանունը, անունը (անվանումը) և գտնվելու վայրը (հասցեն).
2) ապրանքների և (կամ) ծառայությունների ցանկը, որոնց համար ապրանքային նշանը հանրահայտ է ճանաչվել.
3) թվականը, երբվանից ապրանքային նշանը Հայաստանի Հանրապետությունում հանրահայտ է ճանաչվել։

Ապրանքային նշանը Հայաստանի Հանրապետությունում հանրահայտ ճանաչելու մասին որոշման հիման վրա Մտավոր սեփականության գործակալությունը մեկամսյա ժամկետում համապատասխան գրառում է կատարում հանրահայտ ապրանքային նշանների տվյալների բազայում, դրա իրավատիրոջը հանձնում է հանրահայտ ապրանքային նշանի վկայագիր և ապրանքային նշանը հանրահայտ ճանաչելու մասին տեղեկություններ է հրապարակում «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել