Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում կրկին քննարկվում է փոխնախագահի ընտրության հարցը: ԱԺ «Հայաստան» խմբակցությունը 13-րդ անգամ առաջադրել է Արթուր Ղազինյանի թեկնածությունը:
Նշենք, որ ընդդիմության ներկայացուցիչներն այս անգամ ներկա էին նիստին: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը խնդրեց մեկ րոպե լռությամբ հարգել նոյմեբերի 22-ին Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ հակառակորդի կրակոցից զոհված ժամկետային զինծառայող, շարքային Սուրեն Յուրիկի Սաֆարյանի հիշատակը:
Նիստի ժամանակ վեճ սկսվեց Գեղամ Մանուկյանի և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի միջև:
«Մարտերի ընթացքում հավաք եք անում Հանրապետության հրապարակում, իշխանափոխություն եք պահանջում»,-ասաց Վահագն Ալեքսանյանը:
Վեճ սկսվեց նաև Արծվիկ Մինասյանի և Անդրանիկ Քոչարյանի միջև:
«Դուք պետք է դատվեք դեռ, հրապարակային ասում եմ՝ դուք և Վահագն Ալեքսանյանը պետք է դատվեք, որ հրապարակային հայտարարում եք՝ գուցե «Հայաստան» դաշինքն է հրավիրել Ադրբեջանին:
«Հայաստան» խմբակցության պատգամավորները լքեցին նիստի դահլիճը:
Արթուր Ղազինյանը 13-րդ անգամ չընտրվեց Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ:
Մանրամասները՝ տեսանյութում: