Դուրս եկեք փողոց․ Կարին Տոնոյանը դիմում է ուսանողներին, մանկավարժներին, դպրոցների տնօրեններին

Այսօր՝ նոյեմբերի 22-ին, Հանրապետության հրապարակում բողոքի ակցիայի ժամանակ «5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը ելույթ ունեցավ՝ ասելով․

«Նախ պետք է բոլորիդ ուղղակի ասեմ, որ մենք հիմա մի զենքի կարիք ունենք, մեր պայքարը մինչև վերջ հասցնելու համար մեկ զենքի կարիք ունենք ընդամենը։ Այդ զենքի անունը համառություն է։ Մենք պիտի ամեն օր դուրս գանք և համառորեն այնքան հավքավենք, մինչև այս հրապարակը լցվի, որովհետև բոլորս գիտենք, որ հարց կարող ենք լուծել միայն ամբողջ հրապարակով։ Դրա համար ամեն օրն ենք դուրս գալու, հատ առ հատ գնալու ենք բոլոր բուհեր՝ ուսանողների հետևից։ Այդ ուսանողներն էին, որ օգնեցին այս կործանարար իրշանությունը գա իշխանության, ուրեմն հիմա պիտի նաև օգնեն, որ մենք մեր երկիրը ազատենք։ Բայց այսօրվա մեր օրակարգի համար մեկ հարցը այն փաստաթուղթն է, որը դրված է սեղանին, որը այսօր մեզ սպառնացող ամենամեծ վտանգն է։ Եվ վարչապետի այն հայտարարությունը, թե վաղը ինքը լայվով կպատասխանի, ուղղակի նորից ծաղր է մեր հանդեպ։

Հիշու՞մ եք 2018 թվականին, երբ կառավարության դռնից ներս մտան և ասացին՝ կոտրում է ժողովուրդը դուռը, ասաց՝ լավ են անում, դա իրենցն է, կոտրում են։ Հիմա այդ ժողովուրդն այստեղ է, և մենք լայվով ոչինչ չենք ընդունում։ Թող ինքն առանց իր ոստիկանների, եթե այդքան այդ ժողովրդինն է և հավատում է, որ իր կողքին են, դուրս գա այստեղ հրապարակում կանգնի՝ առանց որևէ ոստիկանի, և պատասխանի մեր հարցերին։ Այդ ժամանակ մենք կընդունենք իր հարցերի պատասխանները և կտանք մեր պատասխանները, թե չէ թաքնված լայվի, հեռախոսի կամ որևէ սարքի հետևում, ինչպես թաքնված հանձնեց մեր հայրենիքը բունկերում, մենք այլևս դրան ուշադրություն չենք դարձնելու, ոչ մի լայվով այլևս մեզ չես համոզի։

Մաս- մաս հանձնում ես մեր երկիրը, հանձնում ես մեր զավակներին։ Ամսի 16-ին ես սրտի դողով էի հիշում իմ ուշաթափությունը՝ որդուս լուրը լսելիս, և մտածում էի՝ հիմա նորից քանի մայր է այսպես ուշաթափվում և դեռ քանի մայր պետք է ուշաթափվի։ Դիմում եմ նաև մեր բոլոր մանկավարժներին, դպրոցների տնօրեններին։ Այս մենք ենք այսպես դաստիարակել մեր ժողովրդին, որ հիմա ոչ մեկս չենք ուզում դուրս գալ պայքարի։ Ես իմ վրա եմ վերցնում՝ որպես մանկավարժների դեմք։ Ես ձեզ խնդրում եմ ուղղակի որպես մանկավարժ, որպես տնօրեն եմ խնդրում՝ դուրս եկեք, դուրս եկեք պայքարենք մեր աշակերտների կյանքի համար։

Այնտեղ սահմանին կանգնա են մեր աշակերտները, նրանք ոչնչով չեն տարբերվում մեր զավակներից, ուրեմն դուրս եկեք փողոց, յուրաքանչյուրիցս ընդամենը մեկ բան է պահանջվում՝ դուրս գալ փողոց, այստեղ հրավիրել և այստեղ որոշել հայաստանի ճակատագիրը։ Եթե որևէ մեկը չի կատարում այս պարտքը, ուրեմն պահանջելու իրավունք էլ չունի։ շատ հեշտ է պահանջել, ասել՝ մի բան արեք։ Անելու համար պետք է ուժ, ուժը ամբողջ ժողովուրդն է, մենք պիտի ամբողջ ժողովրդով այստեղ գանք և միասին որոշենք, դրա համար խնդրում եմ, հորդորում եմ և պահանջում եմ, որովհետև ես և յուրաքանչյուր մայր, ով իր զավակին տվել է, որպեսզի մենք այստեղ լինենք, ունի այդ իրավունքը։

Պահանջում եմ՝ դուրս եկեք փողոց, որ վաղը Եռաբլուրը չեռապատկվի։ Ես համոզված եմ, որ որևէ մեկը չի ուզում, որ մի շիրիմ էլ այնտեղ ավելանա, իսկ այնտեղ ամեն օր ավելանում են, ամեն օր։ Ժողովուրդ, դուրս եկեք հանուն հողի, այդ հողը արդեն մեր զավակների մարմիններն են, դա արդեն հող չէ։ Հայաստանի ամեն կտոր արդեն իր մեջ մի սրբազան մարմին է պատսպարում, պաշտպանում։ Դուրս եկեք հանուն այդ մարմինների։ Ես կարծում եմ, որ սրանից այն կողմ մեզ համար որևէ սրբություն այլևս չպիտի լինի։ Ուղղակի խնդրում եմ ձեզ՝ դուրս եկեք փողոց»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել