««Հայասպետներն» այսօր հայոց բանակի տարբեր զորամասերում են։ Առաջին ձեռքից ես ունեմ տեղեկատվություն, նրանց ամենամեծ խնդրանքն է՝ Երևանում շարժվեք, մեզ մենակ մի թողեք, սա է այսօր հայ զինվորի խնդրանքը։ Հայ զինվորն այսօր իրեն անտեր է զգում, հայ զինվորն այսօր չգիտի՝ վաղն ինքը կլինի, թե չի լինի։ Մենք 5000 զավակ տվեցինք՝ հավատալով խարդախություններին, հավատալով ստերին»,-այս մասին այսօր՝ նոյեմբերի 22-ին, Կառավարոության շենքի դիմաց, բողոքի ակցիայի ժամանակ ասաց «5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը։
Դիմելով քաղաքացիներին՝ նա ասաց, որ դուրս գան փողոց և միասին հասնեն հաղթանակի։
«Որևէ մեկիս արյունը մեր հերոսների արյունից կարմիր չէ։ Եվ, եթե մենք պիտի զիջենք այն հողը, որը շաղախված է նրանց արյունով, ուրեմն ապրելու իրավունք անգամ չունենք։ Ես ուղղակի խնդրում եմ բոլորիդ՝ դուրս եկեք փողոց, ընդամենը մեկ պատճառով՝ տեր կանգնեք ձեր իրավունքին»,-նշեց «5165» շարժման առաջնորդը։
Նրա խոսքով՝ Սահմանադրությամբ տրված է իրավունք՝ իրազեկվելու, թե ինչ են որոշում անել երկրի հետ։ Նա նշեց, որ իրենք ցանկանում են լինել իրազեկված և այս պահին ուրիշ ոչինչ չեն ուզում։