Ազգային ժողովում Պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, որ սահմանազատման նախապատրաստման գործընթացը սկսվելու է զրոյական կետից․ «Խոսքը գնում է զրոյական կետից սկսելու մասին ու Հայաստանը տվել է իր համաձայնությունն այդ աշխատանքների սկզբին մասնակցելու համար»։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանն էլ հավելեց, որ այն պահին, երբ որոշակի տեխնիկական հարցերի վերաբերյալ համաձայնություն ձեռ բերվի, Հայաստանը պաարաստ է սկսել հանձնաժողովի ձևավորման գործընթացն ու անցնել բուն աշխատանքներին․ «Ռուսաստանի առաջարկն ընդունելու մասին Հայաստանը գրավոր ծանուցում է ուղարկել ՌԴ։ Բովանդակության մասին այս պահին վաղ է խոսել, մենք խոսում ենք նախապատրաստական աշխատանքների սկզբի մասին»։
Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ գաղտնիությունը խիստ անհրաժեշտ է, որովհետև առնչվում է սահմանում տեղակայված ուժերի դասավորությանը․ «Դա պետք է արվի շատ զգույշ, որ կրակելու օջախներ չառաջանան»։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 18-ի նիստի ժամանակ վարչապետը հանդես է եկել հայտարարությամբ՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանների միջև դեմարկացիա և դելիմիտացիա իրականացնելու վերաբերյալ: Իր խոսքում Նիկոլ Փաշինյանը նշել է.
«Բարև ձեզ, հարգելի գործընկերներ:
Երեկ Ազգային ժողովի հարցուպատասխանի ժամանակ ես հայտարարեցի, որ 2021 թվականի մայիսից ի վեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանների միջև դեմարկացիա և դելիմիտացիա իրականացնելու վերաբերյալ երեք առաջարկ է հնչել Ռուսաստանի Դաշնության կողմից, և երեքն էլ, ըստ էության, մեզ համար ընդունելի են եղել և շարունակում են ընդունելի մնալ:
Երեկ՝ իմ հայտարարություններից հետո, Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը դեմարկացիայի և դելիմիտացիայի նախապատրաստական փուլի վերաբերյալ հանդես է եկել առաջարկություններով, և ես ուզում եմ վերահաստատել, որ այդ առաջարկությունները մեզ համար ընդունելի են:
Պարոն Պապիկյան, Ռուսաստանի Դաշնության Ձեր գործընկերոջ հետ խնդրում եմ ճշգրտեք մանրամասները և փորձենք իրագործել՝ Ռուսաստանի Դաշնության արած առաջարկների շրջանակում և հիման վրա»: