Արդարացման դատավճիռը ճանաչում և հռչակում է հանցանքի կատարման մեջ ամբաստանյալի անմեղությունը` այն մեղադրանքով, որով նա ներգրավվել է որպես մեղադրյալ:
Արդարացման դատավճիռը վերաքննիչ դատարանը կարող է բեկանել` կայացնելով մեղադրական դատավճիռ` ամբաստանյալի արդարացումն անհիմն լինելու մասին դատախազի, տուժողի կամ նրա ներկայացուցչի բողոքով:
Արդարացման դատավճիռն արդարացվածի բողոքով կարող է փոփոխվել արդարացման հիմքերի մասով:
Արդարացման դատավճիռը կարող է վճռաբեկության կարգով բեկանվել ոչ այլ կերպ, քան դատախազի, տուժողի կամ նրա ներկայացուցչի բողոքի հիման վրա, կամ արդարացված անձի բողոքի հիման վրա, եթե նա համաձայն չէ արդարացման հիմքի հետ:
Արդարացման դատավճիռը, գործը կարճելու մասին կամ մեղադրյալի օգտին կայացրած այլ որոշումը չի կարող բեկանվել քրեադատավարական օրենքի էական խախտման շարժառիթով, եթե արդարացվածի անմեղությունը կասկած չի հարուցում: