Ճանապարհի այդ հատվածը յուրահատուկ կարգավիճակ ունի, հնարավոր վճարի դեպքում քաղաքացիները կարող են անցնել․ Արմեն Գրիգորյան

Կա ողջամտություն և այդ ողջամտության տրամաբանությունը Խորհրդային ժամանակաշրջանում գոյություն ունեցած սահմաններն են։

Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչի՞ հիման վրա է որոշվել, թե որ հատվածներն են ադրբեջանական, որտեղ ադրբեջանական սահմանակետեր են տեղադրվում։

«Հասկանալի է, որ սահմանազատման և սահմանագծման գործընթաց մենք չենք անցել, բայց մոտավոր մենք ունենք պատկերացում այդ սահմանին, որի հիմքը 1920-ական թվականների քարտեզն է և դրա հիման վրա մենք պատկերացնում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը»,-ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ ճանապարհի այդ հատվածը յուրահատուկ կարգավիճակ ունի և դրա պատճառով սահմանակետերը, որոնք հնարավոր է, որ տեղադրվեն, հնարավոր վճարի դեպքում քաղաքացիները կարող են անցնել։ Նա նշեց, որ ադրբեջանական կողմը այդ ընթացակարգի մասին դեռ չի հայտնել։

«Այս պահին Ադրբեջանն ամբողջովին չի տեղեկացրել ընթացակարգի մասին, բայց տրամաբանությունը հուշում է, որ ընթացակարգը որոշակի վճար կամ ինչ-որ բան կարող է լինել, և քաղաքացիները վճարելով դրանք՝ կարող են անցնել։ Բայց քանի որ մենք ունենք այլընտրանքային ճանապարհ, արդեն կառուցված է, Կապան-Տաթև ճանապարհն ամբողջովին վերանորոգված է և երեկ հայտարարել ենք, որ ճանապարհը բացված է, ապա քաղաքացիների համար ամբողջովին հարմար է, որպեսզի օգտագործեն այդ ճանապարհը»,- նշեց ԱԽՔ-ն:

Արմեն Գրիգորյանը նշում է, որ Հայաստանը պատասխան քայլով է հանդես գալու։ Նա նաև ասաց, որ որևէ համայնք շրջափակման մեջ չէ։

«Իհարկե ճանապարհները բարձր որակի չեն, բայց վերջին շրջանում լայնածավալ աշխատանքներ են կատարվել, ճանապարհները գոնե գրունտային տարբերակով բարեկարգելու համար։ Այդ աշխատանքները շարունակվում են, համոզված ենք, որ շատ շուտով կունենանք նաև ասֆալտապատ ճանապարհ։ Այդ համայնքներում կոմունիկացիոն որևէ խնդիր չի առաջանալու»,-ասաց Արմեն Գրիգորյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել