Գորիս-Կապան ճանապարհին ՀՀ քաղաքացիների և բեռների նկատմամբ որևէ սահմանային հսկողություն չիրականացնելու գինը լինելու էր միջանցքային տրամաբանությունը․ վարչապետ

Նոյեմբերի 11-ի կառավարության նիստից առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարությամբ հանդես եկավ` նշելով, որ երեկ Ադրբեջանից ոչ պաշտոնական ծանուցում է ստացվել, նոյեմբերի լույս 11-ի կեսգիշերից նրանք պատրաստվում են մաքսային, անձնագրային հսկողություն իրականացնել նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և բեռների նկատմամբ։

«Շահարկումներից խուսափելու համար պիտի հիշեցնեմ ու ձեր ուշադրությունը հրավիրեմ նրա վրա, որ ադրբեջանական անցակետը չի գտնվում Հայաստանի Հանրապետության տարածքում։ Խոսքը Էյվազլիի մասին է։ Հիմա կարող է այլ հարց ծագել․ իսկ հնարավո՞ր չէր բանակցել, որ այդ ճանապարհին Հայաստանի քաղաքացիների և բեռների նկատմամբ որևէ սահմանային հսկողություն չիրականացվեր։ Հնարավոր էր, բայդ դրա գինը լինելու էր միջանցքային տրամաբանությունը, ինչը անունդունելի է մեզ համար։

Տարածաշրջանային կոմունիկացիաների վերաբերյալ ՀՀ դիրքորոշումը մշատպես եղել է այն, որ դրանք պետք է վերաբացվեն առանց որևէ էքստերիտորիալության համատեքստի և համախատասխան անձնագրային և մաքսային հսկողության։ Այսինքն, երբևէ չենք քննարկել ու չենք քննարկելու որևէ միջանցքային տրամաբանություն, ինչպես նախկինում մի քանի անգամ հայտարարել եմ։

Սա ֆիքսված է փոխվարչապետերի եռակողմ՝ Հայաստան, Ռուսաստան, Ադրբեջան ֆորմատում, և կարևոր է նաև նշել, որ վերջին շաբաթներին այս տրամաբանությունը և պայմանավորվածությունը հրապարակային կերպով հաստատել է նաև ՌԴ-ն և հենց այս համատեքստում է թերևս Ադրբեջանը կայացրել երեկվա որոշումը։

Որպեսզի ավելի հստակեցնեմ՝ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների դրույթներին՝ մասնավորապես տարածաշրջանի բոլոր տրանսպորտային և տնտեսական կոմունիկացիաները ապաշրջափակելու մասով։ Ավելին, մենք շահագրգռված ենք տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կոմունիկացիաները ապաշրջափակելու հարցում և հույս ունենք առաջիկայում հասնել կոնկրետ լուծումների՝ եռակողմ աշխատանքային խմբում համաձայնեցված և հայտարարված սկզբունքների հիման վրա։

Վերադառբալով Գորիս-Կապան ճանապարհահատվածին, ընդգծեմ, որ Հայաստանի Հանրապետությունը նույնպես, ըստ անհրաժեշտության, անցման տեղերում կտեղադրի մաքսային, անձնագրային հսկողության կետեր։

Այս ընթացքում մի քանի անգամ ասել եմ, հիմա էլ եմ ուզում ընդգծել․ այս չափազանց կարևոր ժամանակահատվածում մեզ անհրաժեշտ է սառնասրտություն, ամուր նյարդեր։ Հայաստանի շուրջ նոր միջավայր է ձևավորվում և մենք պիտի ամեն ինչ անենք, որ այդ միջավայրը լինի հնարավորինս համապատասխան մեր երկարաժամկետ ռազմավարական շահերին և մենք գնում ենք այդ ճանապարհով»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել