Անհայտ կորած զինծառայողների ընտանիքի անդամներին աջակցության վճարման ժամկետը երկարացվել է

Կառավարության նոյեմբերի 11-ի նիստում որոշում ընդունեց Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 10-ի N 2001-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարել, որով աջակցություն է տրամադրվում անհայտ զինծառայողների ընտանիքի անդամներին`  ծնողներին և ամուսնուն։

Որոշման հիմնավորման համաձայն կերկարացվի աջակցության վճարման ժամկետը՝ 9 ամսվա փոխարեն սահմանելով 12 ամիս` անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին ընձեռնելով հնարավորություն դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելու գործընթացը ավարտին հասցնելու, ինչպես նաև աջակցության գումարների (300.000 դրամ՝ յուրաքանչյուր ամիս) վճարման շարունակականությունն ապահովելու և հնարավոր բողոքի դրսևորումներից զերծ մնալու նպատակով:

Կատարված դիտարկումների արդունքում փաստում ենք, որ 19.10.2021թ. դրությամբ դատական կարգով անհայտ բացակայող ճանաչված ընդամենը թվով 85 անհայտ կորած զինծառայողի փաստաթղթեր են ներկայացվել ՀՀ պաշտպանության նախարարության սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորա­բաժանում: Այնուամենայնիվ, գտնվելու վայրն անհայտ զինծառայողների ընդհանուր թվի հարաբերակցությամբ՝ դատական կարգով անհայտ բացակայող ճանաչվածների թվաքանակը բավականին քիչ է:

Որոշման ընդունումը 2021 թվականի պետական բյուջեում առաջացնելու է նախնական հաշվարկներով առավելագույնը լրացուցիչ 52.000.000 դրամ ծախս, քանի որ շահառու հանդիսացող շուրջ 260 անհայտ կորած զինծառայողի ընտանիքի ֆինանսական հաշվարկը 3 ամսվա համար կազմում է 234.000.000 դրամ: Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հետ կատարված հաշվարկի արդյունքում պարզվել է, որ «Կամուրջ» ծրագրի ֆինանսավորման նպատակով Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին հատկացված 2.450.000.000 դրամի մնացորդը կազմում է 182.000.000 դրամ: Հետևաբար աջակցության վճարման ժամկետը 9 ամսվա փոխարեն 12 սահմանելու դեպքում միջոցառման ֆինանսավորման համար կպահնջվի լրացուցիչ 52.000.000 դրամ: Միաժամանակ, նշված ժամանակահատվածում համապատասխան դատական գործընթացների արդյունքում անհայտ բացակայող ճանաչելու մասին դատական ակտերի հիման վրա, ինչպես նաև անհայտ կորած անձանց հայտնաբերման դեպքում շահառուների թվաքանակների նվազման հիման վրա լրացուցիչ ծախսի չափը ևս կնվազի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել