Արդարադատության ակադեմիան նոր հուշագիր է ստորագրել

Նոյեմբերի 10-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը և Ռաուլ Վալլենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի եվրոպական գրասենյակի տնօրեն Զուզանա Զալանովան հանդիսավոր պայմաններում ստորագրեցին համագործակցության հուշագիր: 

Այս մասին տեղեկանում ենք Արդարադատության ակադեմիայից մամուլի հաղորդագրությունից։

Ռեկտորը շնորհակալություն հայտնեց Զուզանա Զալանովային համագործակցության առաջարկն ընդունելու համար և հայտնեց, որ գործընկեր կառույցն աջակցելու է Ակադեմիային դատավորների, դատախազների, քննիչների մասնագիտական պատրաստման և վերապատրաստման գործընթացի արդյունավետության բարձրացման ուղղությամբ: 

«Վստահ եմ, որ մոտ ապագայում հնարավորություն կունենանք արձանագրել դրական ձեռքբերումներ, որոնք հիմք կհանդիսանան մեր համագործակցության հետագա զարգացման համար»,- նշեց ռեկտորը: 

Զուզանա Զալանովան իր հերթին երախտագիտություն հայտնեց ջերմ ընդունելության համար և ընդգծեց, որ մարդու իրավունքների սկզբունքները և մարդու իրավունքների չափանիշների ըմբռնումը վճռորոշ նշանակություն ունեն ինչպես արդարադատության ոլորտի, այնպես էլ մասնագետների համար, և հույս հայտնեց, որ նաև այդ կարևոր գործընթացի ուղղությամբ կհամագործակցեն հուշագրի շրջանակներում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել