ՔՈ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ մտավոր թերզարգացած, հոգեկան խանգարումներով կամ ֆիզիկական թերություններով անձանց, գինեմոլների և թմրամոլների սոցիալական սպասարկում՝ կացության ապահովմամբ միջոցառումների և տարբեր ծրագրերի իրականացման համար 2008 թվականի հունիսին ստեղծված մի հիմնադրամի ֆինանսավորումն առավելապես իրականացվել է հիմնադրամի ԱՄՆ ինկորպորացիայի կողմից, իսկ արդեն 2018 թվականի սկզբներից՝ նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության։
Այս մասին հայտնում են ոստիկանությունից։
Հիմնադրամի տնօրենը, օժտված լինելով կարգադրիչ և կազմակերպչական, այդ թվում՝ դրամական միջոցների տնօրինման լիազորություններով, հափշտակություն կատարելու մեկ միասնական դիտավորությամբ, օգտագործելով իր պաշտոնական դիրքը 2014 թվականից 2021 թվականի ընթացքում կազմակերպել և իրականացրել է մի շարք ֆինանսական գործարքներ, որոնց շրջանակներում հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի՝ 41 միլիոն 900 հազար դրամից ավելի գումար:
Մասնավորապես, հիմնադրամի բնականոն գործունեությունն ապահովելու համար, տրանսպորտային միջոցների և մենեջեր-վարորդների առկայության պայմաններում, հիմնադրամի տնօրենը ուղևորափոխադրումների ծառայություն իրականացնող մի ընկերության հետ 2014 թվականի դեկտեմբերին անժամկետ կնքել է հիմնադրամի աշխատակիցների կանչով շուրջօրյա սպասարկման համար մարդատար տաքսի ավտոմեքենանների տրամադրման վերաբերյալ վճարովի ծառայությունների մատուցման պայմանագիր, իսկ 2018-ի սեպտեմբերին, որպես ֆիզիկական անձ, ամուսնու և նրան պատկանող՝ զբոսաշրջության կազմակերպման գործունեություն իրականացնող ընկերության հետ 2020 թ. նոյեմբերին կնքել է նմանատիպ ծառայությունների վճարովի մատուցման 2 պայմանագիր։
Նշված պայմանագրերի շրջանակներում հիմնադրամի տնօրենի ամուսնու և նրան պատկանող ընկերության կողմից փաստացի ծառայություններ մատուցված չլինելու, իսկ առաջին ընկերության կողմից ծառայությունները ոչ ամբողջ ծավալով մատուցած լինելու պայմաններում հիմնադրամի ֆինանսական միջոցներից 2016-2021 թվականների ընթացքում ընկերությունների հաշվեհամարներին փոխանցվել և այդ կերպ հափշտակվել է շուրջ 8 միլիոն դրամ։
Բացի այդ, հիմնադրամի տնօրենը միևնույն անձին պատկանող՝ Ա/Ձ-ի և ընկերության հետ տարբեր տարեթվերի կնքել է սննդամթերքի, հիգենիկ պարագաների, տնտեսական ապրանքների, գրենական պիտույքների մատակարարման 2 պայմանագիր, որոնց շրջանակներում մատակարար կազմակերպության կողմից 2018-2021 թվականների ընթացքում, ընդամենը 15 միլիոն 700 հազար դրամ գումարի ապրանք մատակարարելու պայմաններում, հիմնադրամի կողմից էլեկտրոնային փոստով ուղարկված ապրանքացուցակների հիման վրա դուրս գրված հաշիվ ապրանքագրերով մատակարար կազմակերպությունների հաշվեհամարներին են փոխանցվել ընդհանուր 49 միլիոն 600 հազար դրամից ավելի գումար, որից առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 33 միլիոն 916 հազարը կանխիկացնելու և առձեռն վերադարձնելու եղանակով հափշտակվել է։
Դեպքերի առթիվ ՔՈԳՎ-ում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է գլխավոր դատախազություն՝ քննչական ենթակայության հարցը որոշելու համար:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: