Պետական կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Վաղը Հայաստան դաշինքը հանրահավաք է հրավիրել: Ինչի համար եմ սա գրում: Այդ ճամբարին հարող, եթե այդպես կարելի անվանել, ոչ քիչ թվով մարդիկ ասում են ժողովրդավարությունը չարիք է, քանի որ դրա պատճառով ենք այս օրի հասել:
Այս համատեքստում ուզում եմ ասել հետևյալը: Այն հանգամանքը, որ քաղաքական ուժը դիմում է մարդկանց և հանրահավաքի հրավիրում, ժողովրդավարական կառավարման ձևին համաձայնության նշան է: Այն հանգամանքը, որ քաղաքական ուժը ընտրությունների է մասնակցում և հետո մանդատ ստանում ու գնում ԱԺ-ում նստում, արդեն ժողովրդավարության խաղի կանոններին համաձայնություն է:
Ժողովրդավարություն չընդունողը ժողովրդին չի էլ դիմում իշխանափոխություն անելու համար, այլ կազմակերպում է ռազմական խմբավորումներ, հետո փորձում է զավթել իշխանությունը: Սա այն է, ինչ հիմա տեղի է ունենում Եթովպիայում. Նա ինչ պարպերաբար տեղի է ունենում մեր հարևան տարածաշրջանում և այլուր:
Սա ինչու եմ ասում: Ընտրել եք խաղի կանոնները կնշանակի դուք ինքներդ էլ ձեզ սահմանափակել եք: Եվ հետևաբար այս ուժին սատարողները լավ կլինի հասկանան, թե ուր և ինչի համար են գնում, հետո չստացվի, թե մի հատ էլ 2018 եղավ:
Որպեսզի գրածիցս իմ համոզմունքների մասին սխալ պատկերացում չստեղծվի, ասեմ հետևյալը: Իմ համոզմունքների մեջ ժողովրդավարական կառավարումը օպտիմալ կառավարման ձև է, բայց գրագետ հանրույթներում: Ինքս մինչև վերջերս (2019) համոզված էի, որ ժողովրդավարությունը մեզ կօգնի երկրի աղետալի ընթացքը շրջել, քանի որ մեր միջին վիճակագրական գրագիտության մասին ավելի լավ կարծիքի էի, քան..: Վերջին շրջանի իրադարձությունները (ընտրական կոչված պրոցեսնորի մասով) ինձ բերեցին նրան, որ այս պահին մենք պատրաստ չենք ժողովրդավարության, իսկ այլընտրանքը մերիտոկրատիան է, որին այլ կերպ անվանում եմ խելացիների «դիկտատուրա»:
Ամեն դեպքում կուզենայի նաև արձանագրել, որ ժաղովրդավարությունը չէ, որ հանգեցրել է պատերազմում պարտության, այլ մեր անկազմակերպվածությունը, ապիկար ու թուլամորթ կառավարումը և տարբեր խմբերի հակապետական գործունեությունը:
Այս նույն ժողովրդավարական կառավարման պայմաններում Իսրայել պետությունը ստեղծման օրից ի վեր իր մեծ պատերազմներից հաղթանակած է դուրս եկել:
Ձախողումները կառավարման ձևին վերագրելը տգիտության կամ էլ չիմացության նշան է: Նախ հասկացեք, ուր եք գնում, ինչի համար և ինչ օրակարգ եք սատարում:
Եթե ժողովրդավարությանը դեմ եք ուրեմն պայքարի ձեզ ընդունելի տեսակը ընտրեք, բայց մարդկանց փողոց հրավիրելով, կանչելով հանդերձ ժողովրդավարություն անիծելը առնվազն երեսպաշտություն է: Այսքանը»: