Հանրային հեռուստաընկերության տնօրեն Հովհաննես Մովսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Այսօր լրանում է Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի պաշտոնում ընտրվելուս մեկ տարին: Մեր կողմից որդեգրված «Հանրայինը՝ հանրության համար» սկզբունքի համատեքստում առանձնացրել եմ վերջին մեկ տարվա 10 կարևոր արդյունքները.
• Առաջին ալիքը 3 կետով բարելավել է վարկանիշը չափումներում՝ գալով առաջատար դիրքերի,
• Կրկնապատկվել է ընդհանուր հեռուստաարտադրությունը, այդ թվում՝ ներքին. նույն ռեսուրսով Հանրայինն ավելի շատ արտադրանք է թողարկում,
• Առաջին ալիքը Միջազգային հանրապետական ինստիտուտի կողմից (IRI) իրականացված հարցումներով 3 անգամ ճանաչվել է տեղեկատվության ամենավստահելի աղբյուր,
• Մեկնարկել է Առաջինի լրատվական ալիքը, որը 24 ժամյա լրատվություն է տալիս Հայաստանից ու ամբողջ աշխարհից, թողարկում սեփական արտադրության հաղորդումներ, այդ թվում՝ արևմտահայերեն լուրեր,
• Կազմակերվել է 4 նախընտրական մեծ հեռուստաբանավեճ Հայաստանում կառուցված ամենամեծ տաղավարում, և տեղի է ունեցել առաջին ՏԻՄ բանավեճը միջազգային չափանիշներով,
• Մեկնարկել է 100 տուն Արցախում նախագիծը,
• Հանրայինում բացվել է Մեդիա ակադեմիա. 100 շրջանավարտ մեդիակրթություն է ստացել ոլորտի լավագույններից Առաջին ալիքի մեդիա ակադեմիայում, աշխատանքի անցել Հանրայինում և առաջատար ԶԼՄ-ներում: Արցախում ևս բացվել է Մեդիա ակադեմիայի մասնաճյուղ:
• Մեդիակրթության զարգացման շրջանակում Հանրայինը համագործակցություն է սկսել հայաստանյան բուհերի հետ՝ իրականացնելով մասնագիտացված համատեղ դասընթացներ, գիտաժողովներ՝ տրամադրելով նաև տեխնիկական աջակցություն,
• Թարմացվել է սփյուռքահայ լսարանի համար նախատեսված Առաջինի արբանյակային ալիքը. հեռուստացանցը էականորեն բարելավվել և արդիականացվել է,
• Բանակցելով միջազգային դոնոր գործընկերների հետ՝ Առաջինը մոտ 670 հազար ԱՄՆ դոլարի աջակցություն է ստացել տեխնիկական, արտադրական, հաղորդակցական ուղղություններով՝ խնայելով հանրային միջոցները:
Այնուամենայնիվ, 65-ամյա Հանրայինն ընդլայնելու դեռ շատ ծրագրեր կան, շարունակում ենք աշխատել 5-ամյա ռազմավարությամբ»։