Արարատ Միրզոյանը՝ Փաշինյանի և Ալիևի հնարավոր հանդիպման մասին

Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այսօր՝ հոկտեմբերի 27-ին, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը հարց ուղղեց Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին՝ մանրամասնելու, թե արդյո՞ք նոյեմբերի 9-ին սպասվում է հանդիպում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև։

«Ըստ մամուլի՝ շրջանառվում էր փաստաթղթերի մասին տեղեկություն, որ Մոսկվայում նախատեսվող փաստաթղերը վերաբերելու էին դեմարկացիային և դելիմիտացիային, ինչպես անև, խոսք էր գնալու կոմունիկացիաներից։ Ես խնդրում եմ այս ամբիոնից հաստատել, ասել՝ կան արդյոք բանակցություններ և արդյոք նման բան նախատեսվում է»,-հարցը հնչեցրեց պատգամավորը։

ԱԳՆ Արարատ Միրզոյանը նշեց, որ այս պահին որևէ հանդիպում այդ ֆորմատով նախատեսված չէ։

«Միևնույն ժամանակ, և այս պահին, և ընդհանրապես պարբերաբար, գրեթե մշտական բնույթով՝ քննարկվում են տարբեր ֆորմատներով տարբեր հանդիպումների առաջարկներ, և ենթադրաբար այդպիսի հնարավոր հանդիպումների արդյունքում գուցե լինի համաձայնեցրած որևէ տեքստի հրապարակում։ Բայց նաև անդրադառնալով եղած հրապարակումներին՝ ուզում եմ ասել, որ այդ երկու քննարկված բովանդակությամբ փաստաթղթերի ստորագրում, անշուշտ, չի նախատեսվում։

Նաև ուզում եմ ասել՝ այդ հանդիպումները մեզ համար բազմաթիվ կիրառական նշանակություններ ունեն․ նախևառաջ ևս մեկ անգամ հնարավորություն կարող են ստեղծել հասցեագրելու հետպատերազմյան ողջ հումանիտար խնդիրների թնջուկը, ամբողջությունը և իհարկե առաջին հերթին ռազմագերիների և բռնի պահվող քաղաքացիական անձանց հնարավոր շուտափույթ ազատ արձակումը, նաև Ադրբեջանի վերահսկողության տակ մնացած տարածքներում Հայաստանի մշակութային ժառանգության հուշարձանների հարցը և բազմաթիվ այլ հարցեր։

Ավելի ալայն առումով՝ այդ հանդիպումները մեզ համար հնարավորություն են նաև թուլացնելու լարվածությունը տարածաշրջանում և արդեն փորձելու, ջանքեր գործադրելու ավելի երկարատև կայունություն և խաղաղություն ապահովելու ուղղությամբ։ Սա է մեր մոտիվացիան այդպիսի հանդիպումների հաճախելու։ Այդպիսի հանդիպումների առաջարկներ, կրկնում եմ, տարբեր ֆորմատներով կան։ Այդպիսի հանդիպումների արդյունքում սովորաբար լինում են համաձայնեցված տեքստերի հրապարկումներ»,-ասաց ԱԳ նախարարը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել