Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք փոխադրողի կողմից կամ միջազգային փոստային առաքանիներով անձնական օգտագործման ապրանքների ներմուծման համար գործում է արտոնություն։
Այս մասին հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի 20 դեկտեմբերի «Անձնական օգտագործման ապրանքների հետ կապված առանձին հարցերի մասին» թիվ 107 որոշման համաձայն՝ անձնական օգտագործման ապրանքների ներմուծման դեպքում մաքսատուրքեր և հարկեր չեն գանձվում, եթե դրանց արժեքը չի գերազանցում 200 եվրոյին համարժեք գումարը, իսկ քաշը՝ 31 կգ-ը։
Արժեքը կամ քաշը գերազանցելու դեպքում վճարվում է գերազանցող արժեքի 15 տոկոսը, բայց ոչ պակաս քան գերազանցող յուրաքանչյուր 1 կգ-ի համար 2 եվրո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մեկ այլ որոշմամբ՝ միջազգային փոստային առաքանիներով անձնական օգտագործման ապրանքների ներմուծման դեպքում՝ սահմանված է արգելված ապրանքների ցանկ։ Արգելված ապրանքներ են համարվում թմրանյութերը և հոգեմետ նյութերը, կեղծ կամ կեղծված իրերը, փոստային աշխատողների համար վտանգ ներկայացնող, փոստային սարքավորումներն աղտոտող կամ վնասող իրերը, վտանգավոր ապրանքները, ռադիոակտիվ, պայթուցիկ նյութերը, զինամթերքը, մետաղադրամներն ու բանկային թղթադրամները, ինչպես նաև կենդանիները։
Տեսանյութը՝ ՊԵԿ-ի