Երկու դատավորի լիազորությունները դադարեցվել են Արդարադատության նախկին նախարար Ռուստամ Բադասյանի պաշտոնավարման ընթացքում ներկայացված միջնորդությունների հիման վրա

Բարձրագույն դատական խորհուրդը հոկտեմբերի 4-ին և հոկտեմբերի 11-ին միաձայն որոշումներ է ընդունել՝ դադարեցնելու Գագիկ Խանդանյանի և Ռաֆիկ Մելքոնյանի դատավորի լիազորությունները։

Նշենք, որ երկու գործով էլ միջնորդություններ են ներկայացվել ոչ թե Արդարադատության ներկայիս նախարարի, այլ՝ նախկին նախարար Ռուստամ Բադասյանի պաշտոնավարման ընթացքում։

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանի վերաբերյալ կարգապահական վարույթը

Գործի նախապատմության համաձայն՝ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել Հ արդարադատության նախարարության իրավաբանական անձնաց պետական ռեգիստրի գործակալության պետի ժամանակավոր պաշտոնակատար Տ.Մկրտչյանի կողմից էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության «Mulberry» համակարգի միջոցով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին (այսուհետ՝ ԿԿՀ) հասցեագրված դիմումը:

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Ջհանգիրյանը նշեց, որ հաշվի առնելով 2021 թվականի հունիսի 26-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից ներկայացրած միջնորդությունը՝ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, նշվում էր, որ նա խախտել է անհամատեղելիության պահանջները։ Դրա վերաբերյալ որոշումը ԿԿՀ-ն կայացրել էր ապրիլի 27-ին։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը եզրակացություն էր ներկայացրել, ըստ որի, Գագիկ Խանդանյանը խախտել է «Հանրային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի (Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները չեն կարող զբաղեցնել իրենց կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որևէ պաշտոն` առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից) և «Հայաստանի Հանրապետության Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները (Դատավորը չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում, որևէ պաշտոն` առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից)։

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանին վերաբերյալ կարգապահական վարույթը

Հոկտեմբերի 11-ին ԲԴԽ-ն բավարարել է Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի ներկայացրած միջնորդությունը՝ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:

Դատավորի լիազորությունները դադարեցվեցին՝  էական կարգապահական խախտում իրականացնելու հիմքով:

Այսպիսով, երկու դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով ՀՀ արդարադատության նախարարությունը՝ ի դեմս նախկին նախարար Ռուստամ Բադասյանի և ԿԿՀ-ն միջնորդություններ են ներկայացրել ԲԴԽ համապատասխանաբար սույն թվականի ապրիլ և հուլիս ամիսներին, որոնց վերաբերյալ ԲԴԽ-ն կայացրել է վերջնական որոշումներ հոկտեմբերի 4-ին և 11-ին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել